Ռուսական «Wildberries» ընկերությունը ակտիվորեն սկսել է ազատ պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնման անհրաժեշտությունն առաջացել է Ռուսաստանում ընկերության օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումներից հետո: Ստեղծված իրավիճակում ընկերությունը նպատակադրված է վաճառողների ապրանքների մի մասը վերահասցեագրել դեպի Ղազախստան: Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ներկայումս Ալմաթիում կառուցվում է 100 հազար քառակուսի մետր տարածքով լոգիստիկ կենտրոն, ևս մեկ կենտրոն կառուցվում է Աստանայում, որի շահագործումը նախատեսված է հաջորդ տարի:
Ըստ լրատվամիջոցի՝ Ռուսաստանում ազատ պահեստների սեփականատերերը հրաժարվում են նոր վարձակալության պայմանագրեր կնքել «Wildberries»-ի հետ, քանի որ օբյեկտը կարող է դառնալ ԱԹՍ-ների հարվածների թիրախ։ Բացի այդ, խոշոր արդյունաբերական օբյեկտների ապահովագրական ստանդարտ փաթեթները չեն ծածկում ահաբեկչությունից կամ ռազմական գործողություններից հասցված վնասները, իսկ նման ռիսկերի ներառումը չափազանց թանկ է կամ գրեթե անհնարին ռուսական ապահովագրական շուկայում:
Հուլիսի 18-ից «Wildberries»-ի պահեստները ենթարկվում են ԱԹՍ-ների լայնամասշտաբ հարձակումների, ինչի հետևանքով տուժել են Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի մարզի, Ղրիմի, Տամբովի, Վորոնեժի, Ստավրոպոլի և Կրասնոդարի լոգիստիկ կենտրոնները: Ընկերությունն արդեն կորցրել է առնվազն չորս համալիր, ինչը կազմում է նրա ընդհանուր լոգիստիկ տարածքների շուրջ 8%-ը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրավիճակը գտնվում է կառավարության վերահսկողության տակ, սակայն ընկերությանն աջակցելու հստակ որոշումներ դեռ չեն կայացվել:
«Коммерсантъ»-ը նշում է, որ չնայած «Wildberries»-ի մտադրություններին՝ Ղազախստանում անհրաժեշտ տարածքներ գտնելը բավականին բարդ կլինի: Երկրում առկա ազատ պահեստային տարածքները ցրված են տարբեր քաղաքներով, մինչդեռ ընկերությանը մեկ միասնական խոշոր լոգիստիկ հանգույց է անհրաժեշտ: Բացի այդ, Ղազախստանում վարձակալության գները փաստացի հավասարվել են մոսկովյան գներին, իսկ ոլորտի փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ռուսական ապրանքները Ղազախստան տեղափոխելու գաղափարին՝ նշելով, որ դա կարող է ավելացնել լոգիստիկ ծախսերն ու առաքման ժամկետները:








