Եվրոպայում ռեկորդային շոգը, երաշտն ու անտառային հրդեհները ստիպում են երկրներին և ընկերություններին վերանայել ենթակառուցվածքների աշխատանքը։ «CNBC»-ի փոխանցմամբ՝ ծայրահեղ շոգը արդեն խնդիրներ է առաջացնում տրանսպորտի, էներգետիկ համակարգի և այլ ոլորտների համար։
Եվրոպական միջազգային արագընթաց գնացքների ծառայությունը հայտարարել է, որ իր նոր գնացքները նախատեսված կլինեն մինչև 55°C ջերմաստիճանի պայմաններում աշխատելու համար։ Շուրջ 50 նոր գնացքները շահագործման կհանձնվեն 2031 թվականից, և նախատեսվում է, որ կաշխատեն մինչև 2060-ականները։
Նորվեգիայում Օսլոյի օդանավակայանի ասֆալտի ջերմաստիճանը հասել է +52°C-ի։ Թռիչքուղիներն ու ինքնաթիռների կայանման հատվածները վնասումից պաշտպանելու համար դրանք պարբերաբար սառեցվել են ջրով՝ յուրաքանչյուր փուլում օգտագործելով շուրջ 13 հազար լիտր ջուր։
Շվեդիայում, Իսպանիայում և Իտալիայում երկաթուղային ռելսերը սպիտակ ներկով են պատում՝ արևի ճառագայթների արտացոլման և դեֆորմացիան կանխելու համար։
Միաժամանակ, Ֆրանսիայում և Իսպանիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով վերջին շաբաթվա ընթացքում տարհանվել է ավելի քան 330 հազար մարդ։ Մասնագետները ահազանգում են, որ եվրոպական երկրները պետք է պատրաստվեն շոգի նոր ալիքին։
Եվրամիության «Կոպեռնիկուս» կլիմայական ծառայության տվյալներով՝ 1980-ականներից ի վեր Եվրոպան տաքանում է համաշխարհային միջինից մոտ երկու անգամ ավելի արագ։ Ըստ մասնագետների՝ եթե արտանետումների բարձր մակարդակը պահպանվի, մինչև 2050 թվականը Կենտրոնական Եվրոպայում ծայրահեղ շոգ օրերի թիվը կարող է կրկնապատկվել կամ նույնիսկ եռապատկվել։







