ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև առաջիկա բանակցություններն Իրանի համար «վերջին շանսն» են համաձայնագիր կնքելու և ամերիկյան հարվածների հետագա էսկալացիայից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ քննարկումները կենտրոնանալու են Հորմուզի նեղուցի վերաբացման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ մտահոգությունների վերացման վրա։ Իրանական կողմը, միաժամանակ, չի հաստատում, որ Վաշինգտոնի հետ բանակցություններ են նախատեսված:
Ավելի վաղ Թրամփը սոցիալական ցանցերում քննադատել էր Իրանին՝ անվանելով նրան «չափազանց երկակի»։ Նրան բարկացրել էր Իրանի պնդումը, թե Օմանում անցկացվող հանդիպումները վերաբերում են բացառապես Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգության ապահովմանը։ Թրամփը հակադարձել է, որ անկախ նրանից, թե Իրանը կընդունի դա, թե ոչ, կողմերն իրականում բանակցում են միջուկային զենքի մշակումը կանխելու շուրջ։ Հարցին, թե ինչպես են ամերիկացիները ընկալում իր պարբերական սպառնալիքներն ու հետքայլ անելը, Թրամփը պատասխանել է, որ համբերություն է ցուցաբերում՝ ելնելով «իրանցիների կյանքը խնայելու նկատառումներից և հույս ունենալով, որ նրանք ողջամտություն կցուցաբերեն»։







