Անկարայի 15-րդ վարչական դատարանը չեղարկել է «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը «առգրավյալ» ճանաչելու մասին Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության որոշումը։
Ըստ դատարանի վճռի՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Թուրքիայում գտնվող տիրույթները ժամանակին կառավարած «Մարյակոբ» հիմնադրամը չի կարող «առգրավյալի» (իրավաբանական անձի կարգավիճակից զրկված ու Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից կառավարվող) կարգավիճակ ունենալ։
Նշյալ որոշման դրական կողմն այն է, որ «Մարյակոբ» հիմնադրամն արդեն մասնակցություն կարող է ունենալ դատական գործընթացներին և ճանապարհ բացել հիմնադրամի ավելի քան 100 միավոր գույքը հետ ստանալու համար:
Հարկ է տեղեկացնել, սակայն, որ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունն իրավունք ունի բողոքարկել վարչական դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը հիմնվել է Օսմանյան կայսրության տարիներին։ Հանրապետական Թուրքիայում նույնպես Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող գույքերը կառավարում էր «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը։ Սակայն այս հիմնադրամը 1973թ․ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից «առգրավյալի» կարգավիճակ էր ստացել և դադարեցվել էր իր գործունեությունը որպես իրավաբանական անձ։
Այդ ընթացքում «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամին պատկանող անշարժ գույքերի մեծ մասը վաճառվել էր 3-րդ անձանց, իսկ վաճառված գույքի դիմաց ստացված գումարը անարդացիորեն իրացվել էր։
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և՛ դեմ էր արտահայտվել հիմնադրամին առգրավյալ կարգավիճակ տալու որոշմանը, և նաև փաստաբան Ալի Էլբեյօղլուի միջոցով գույքերի վերադարձի համար դատարան էր դիմել։ Սակայն դատարանը բողոքը չբավարարելու մասին որոշում էր կայացրել։
Դրանից հետո Թուրքիայի սահմանադրական դատարանում հայտնված գործն այնտեղից ուղղորդվել էր Անկարայի 15-րդ դատարան, որն էլ որոշում է կայացրել հայկական հիմնադրամի իրավաբանական անձի կարգավիճակը վերականգնելու օգտին։