Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն տարիներ շարունակ Վրաստանին և Ուկրաինային մոլորեցրել է՝ խոստանալով դաշինքին անդամակցելու հեռանկար։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
«Տարիներ շարունակ մեզ ասում էին, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, սակայն այսօր արդեն իրենք են հայտարարում, որ դա փաստացի անհնար է և բացառված»,– ասել է Կալաձեն։
Նա քննադատել է ՆԱՏՕ-ի քաղաքականությունը Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ՝ նշելով, որ երկու երկրներն էլ երկար ժամանակ սպասել են անդամակցության հնարավորությանը։ Միաժամանակ, Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Թոռնիկե Պագավան հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ն հրաժարվի հետագա ընդլայնումից, Թբիլիսին կարող է որդեգրել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։
Նշենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ևս հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին երկար տարիների քննարկումները չեն համապատասխանել իրականությանը։ Նրա խոսքով՝ երկիրը տարիներ շարունակ իր զինված ուժերը համապատասխանեցրել է դաշինքի չափանիշներին, սակայն այդպես էլ չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ։







