Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Վերջինիս, բացի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետներից, մասնակցել են նաև Իրանի, Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:
Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցրին:
«Հայաստանի Հանրապետությունն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների՝ 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարությունը, որում աջակցություն էր հայտնվել Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Ինչպես գիտեք, 2025 թվականին Հայաստանում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակը մեր երկրի համար այլընտրանք ստեղծելն է։ Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է։ Սակայն նշված օրենքի ընդունման փաստն ինքնին չի նշանակում, որ Հայաստանն այսօր ԵՄ անդամ դառնալու հնարավորություն ունի։ Երբ ապագայում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ-ին անդամակցությանը, դա նույնպես չի նշանակի, որ մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Դրա համար դեռևս անհրաժեշտ կլինի ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը և Հայաստանի քաղաքացիների հավանությունը»,- նշել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ մյուս կողմից, անհնար է այս հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների որոշմանը՝ առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, և նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական հայտով դիմել ԵՄ-ին։
«Դրանից հետո անհրաժեշտ կլինի նաև ստանալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։Առանց թվարկված փուլերից առնվազն մեծ մասն անցնելու՝ նշված հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ և կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխան մի հարցի, որն այս պահին պարզապես գոյություն չունի։ Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրություն կատարեն երկու այլընտրանքի միջև, որոնցից մեկը գոյություն չունի»,-ընդգծել է նա։
Փաշինյանի խոսքով՝ դա անհարգալից կլինի հայ ժողովրդի նկատմամբ և գործնականում՝ ոչ լեգիտիմ։ «Ես շնորհակալ եմ ԵԱՏՄ իմ գործընկերներին՝ Հայաստանի, ինչպես և ԵԱՏՄ ցանկացած այլ երկրի՝ տարբեր գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու և սեփական երկրի համար առևտրատնտեսական այլընտրանքներ ստեղծելու լեգիտիմ իրավունքը ճանաչելու համար։ Ավելին, նման մոտեցումն օգտակար եմ համարում ԵԱՏՄ-ի համար, քանի որ հնարավոր այլընտրանքների գոյությունն այն գործոնն է, որը կնպաստի ԵԱՏՄ-ի մրցունակության և գրավչության բարձրացմանը։ Եվ կարծում եմ՝ ոչ ոք չի ժխտի, որ այս առումով մենք ԵԱՏՄ-ի ներսում անելիք ունենք։ Մենք պատրաստ ենք և առաջարկում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Մյուս կողմից, պետք է նշեմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև ներկայիս փոխհարաբերություններում չկա որևէ իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություն, որը հակասում է ԵԱՏՄ-ի ներսում և դրա շրջանակում մեր փոխհարաբերությունների կարգավիճակին»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նա շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ «Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հիմնարար սկզբունքների պահպանման, անդամ պետությունների իրավահավասարության և գործնական, փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման օգտին։ ԵԱՏՄ-ն այնքան ավելի գրավիչ կլինի, որքան ավելի հետևողականորեն կպահպանենք մեր իսկ պայմանավորվածությունները և կհարգենք միմյանց ինքնիշխան իրավունքները։Հենց դրանում ենք տեսնում վստահության, կայունության և երկարաժամկետ հաջողության հիմքը»,- եզրափակել է վարչապետը։







