Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է չեղարկել այն օտարերկրացիների զբոսաշրջային և գործարար վիզաները, որոնք ԱՄՆ են մուտք գործել որպես կարճաժամկետ այցելուներ, սակայն հետագայում դիմել են ապաստան ստանալու համար։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ գերատեսչությունը Ներքին անվտանգության նախարարության հետ համատեղ աշխատում է նման անձանց հայտնաբերելու և նրանց վիզաները չեղարկելու ուղղությամբ։
«Associated Press»-ի տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել մինչև 200 հազար B1 և B2 տեսակի՝ զբոսաշրջային և գործարար վիզաների, որոնք տրվել են 2016-2026 թվականներին։ Եթե ծրագիրն ամբողջությամբ իրականացվի, այն կդառնա ԱՄՆ պատմության մեջ վիզաների ամենախոշոր զանգվածային չեղարկումը։
Ըստ աղբյուրի՝ միևնույն ժամանակ վիզայի չեղարկումն ինքնաբերաբար չի հանգեցնի անհապաղ արտաքսման։ Ապաստանի դիմումների քննության փուլում գտնվող անձանց մեծ մասը կվերադասակարգվի, սակայն նրանք կկորցնեն զբոսաշրջային կամ գործարար այցելուի կարգավիճակը։
ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփի վարչակազմի օրոք արդեն չեղարկվել է ավելի քան 175 հազար օտարերկրյա քաղաքացու վիզա։ Վարչակազմը վերջին շրջանում հետևողականորեն խստացնում է երկրի ներգաղթային քաղաքականությունը։







