Հայաստանի կառավարությունը մերժել է Ռուսաստանի իրավապահ մարմինների՝ ընդդիմադիր SOTA հրատարակության լրագրող Իլյա Դանիլովին արտահանձնելու հարցումը։ Այս մասին հայտնում է «Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն»։
Դանիլովը օգոստոսի 1-ին Հայաստան-Վրաստան սահմանին տեղեկացել էր, որ Ռուսաստանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «ծայրահեղական կազմակերպության գործունեությանը մասնակցելու» և ռուսական բանակի վերաբերյալ «կեղծ տեղեկություններ տարածելու» մեղադրանքներով։ Նա նաև ներառված է եղել «Ռոսֆինմոնիտորինգի»՝ «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում։
Հայաստանի իրավապահները լրագրողին մի քանի ժամով ձերբակալել են, ապա ազատ արձակել՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ՝ մինչև Ռուսաստանի հարցման իրավական ուսումնասիրության ավարտը։ Մեկ ամիս անց Դանիլովը կարողացել է հատել հայ-վրացական սահմանը և վերադառնալ Թբիլիսի։
Դանիլովի արտահանձնումը մերժելը, ըստ աղբյուրի, Ռուսաստանի նմանատիպ հարցումներին Երևանի կողմից մերժման առաջին դեպքը չէ։ 2026 թվականի հունիսին Երևանում ձերբակալվել էր ռուսաստանցի մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին, որի նկատմամբ Ռուսաստանում քրեական գործ էր հարուցվել բանակի «վարկաբեկման» և «ահաբեկչության արդարացման» հոդվածներով։ Հայաստանի դատարանը չէր բավարարել նրա արտահանձնման վերաբերյալ պահանջը, որից հետո Վերբիցկին լքել էր Հայաստանը։
Իլյա Դանիլովը Ռուսաստանից հեռացել է 2021 թվականին՝ Ալեքսեյ Նավալնիի կառույցների նկատմամբ ճնշումների ֆոնին։ Այդ ժամանակից ի վեր նա բնակվել է Վրաստանում՝ զբաղվելով լրագրողական և իրավապաշտպան գործունեությամբ։






