04-09-2026 / 11:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թաքվա․ Թուրքիան չպետք է բաց թողնի Հարավային Կովկասի ընձեռած հնարավորությունը

2026/09/04 09:28
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Հայ-թուրքական գործարար համաժողովի շրջանակում «Region Monitor»-ի հետ զրույցում Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, սահմանների բացման հնարավորություններին, գործընթացի ձգձգման պատճառներին և տարածաշրջանային փոփոխությունների պայմաններում Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությանը։

Թաքվայի գնահատմամբ՝ Երևանում անցկացվող գործարար համաժողովը պետք է դիտարկել որպես Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևոր առաջին քայլ, թեև նա չի ակնկալում արագ արդյունքներ։

«Մենք արագ և արդյունք ապահովող գործընթացի սկզբում չենք գտնվում։ Սա երկարատև գործընթաց է լինելու։ Գուցե մեկ տարի, գուցե մի քանի տարի, և հնարավոր է՝ դրա արդյունքները մեր կյանքի ընթացքում չտեսնենք։ Բայց ինչ-որ բան ցանկանալու դեպքում առաջին քայլը շատ կարևոր է։ Ես այս ջանքերը դիտարկում եմ որպես Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման առաջին քայլ»,- ասել է Թաքվան։

Նրա խոսքով՝ գործընթացին անհրաժեշտ է մոտենալ զգուշավորությամբ՝ փորձելով վերացնել հասարակություններում ձևավորված կարծրատիպերը և գործընթացը գնահատել իրական փաստերի հիման վրա։

Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունների զարգացման համար Թաքվան ամենակարևոր նախապայմանը համարում է լոգիստիկ ենթակառուցվածքների և սահմանային հաղորդակցության հարցերի լուծումը։

«Առաջին հերթին լոգիստիկ ենթակառուցվածքի խնդիրը պետք է լուծել։ Տնտեսական և առևտրային հարաբերությունները մարդկանց կողմից ստեղծվող և իրականացվող գործունեություն են։ Դրա համար անհրաժեշտ է վերացնել առկա խոչընդոտները։ Նախ պետք է զարգացնել լոգիստիկ հնարավորությունները, և դրա համար անհրաժեշտ է նաև քաղաքական կամք»,- նշել է նա։

Հարցին, թե որն է երկու երկրների միջև առևտրի հիմնական խոչընդոտը, Թաքվան պատասխանել է, որ անհրաժեշտ է վերացնել դիվանագիտական հակադրությունները, ինչից հետո հնարավոր կլինի բացել սահմանները։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու, չնայած վերջին ամիսներին սահմանների հնարավոր բացման վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններին, գործընթացը դեռևս չի ավարտվել, Թաքվան խնդիրը դիտարկում է նաև պատմական համատեքստում։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է դիտարկել որպես «հարյուրամյա վերքի բուժման գործընթաց» և չսահմանափակել միայն ընտրական կամ կարճաժամկետ քաղաքական հաշվարկներով։

«Պետք չէ սա միայն ընտրությունների ժամանակ քաղաքական գործիչների կողմից իրականացվող քաղաքական մանևր կամ ձայներ հավաքելու գործիք համարել։ Իհարկե, մենք դա տեսնում ենք և ականատես ենք լինում, սակայն դրանից բացի անհրաժեշտ է բուժել նաև այդ ընկալումները։ Դրա համար ժամանակ է անհրաժեշտ, բայց կարևոր է սկսել»,- նշել է Թաքվան։

Նա հայ-թուրքական համագործակցության ամենամեծ ներուժը տեսնում է զբոսաշրջության ոլորտում։ Թաքվայի խոսքով՝ զբոսաշրջությունը կարող է կարևոր դեր խաղալ երկու ժողովուրդների միջև առկա նախապաշարմունքների հաղթահարման և միմյանց ավելի լավ ճանաչելու գործում։

«Մենք պետք է հաճախ այցելենք միմյանց, տեսնենք, ճանաչենք և շփվենք։ Կարծում եմ՝ դա ամբողջ գործընթացը կհեշտացնի»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման գործընթացի ձգձգումը կապված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հետ, Թաքվան պատասխանել է, որ Ադրբեջանի գործոնը ազդեցություն ունի, սակայն այն չի համարում միակ կամ առաջնային պատճառը։

«Ազդեցություն ունի, բայց միայն դա չէ։ Ադրբեջանը, ի վերջո, անկախ պետություն է և իր շահերին համապատասխան գնահատականներ է տալիս, ցանկանում է ճիշտ ձևավորել իր տարածաշրջանային դիրքը և առաջնահերթություն է տալիս իր միջազգային շահերին»,- ասել է Թաքվան։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որ առաջին հերթին երկու երկրներն իրենք համոզված լինեն այդ գործընթացի կարևորության մեջ։

«Թե՛ Հայաստանը պետք է համոզվի իր շահերի հարցում, թե՛ Թուրքիան։ Գուցե որպես երրորդ գործոն կարելի է նշել Ադրբեջանի ազդեցությունը, սակայն ես դա միայն և առաջնահերթորեն Ադրբեջանի ազդեցությամբ պայմանավորված չեմ համարում»,-ընդգծել է նա։

Թաքվան ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև հենց Թուրքիայի համար՝ հաշվի առնելով տարածաշրջանում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական և տնտեսական իրողությունները․ նրա խոսքով՝ այսօր անհրաժեշտ է Հարավային Կովկասը դիտարկել ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։

«Այս պահին մեր առջև կա Հարավային Կովկասի հեռանկար և իրականություն։ Մերձավոր Արևելքում առկա քաոսն ու պատերազմական իրավիճակը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմը, հյուսիսից և հարավից իրավիճակը դիտարկելիս մատնանշում են զարգացման նոր հնարավորությունների ուղղություններ»,- ասել է նա։

Թաքվայի խոսքով՝ Հայաստանն այդ նոր հարավկովկասյան իրականության մեջ կարևոր դեր ունի․

«Կարծում եմ՝ Թուրքիան չպետք է բաց թողնի այս հնարավորությունը»,- եզրափակել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը։

Tags: ԹուրքիաՀայաստանՀայաստան-Թուրքիա կարգավորում
Նախորդ Լուրը

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Հաջորդ Lուրը

Վենս․ Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին՝ Իրանի նկատմամբ ճնշումն ապահովելու հարցում

Այլ Լուրեր

Միջազգային

Պուտին․ Ուկրաինայի պատերազմի ավարտի շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն կա

04/09/2026
Ադրբեջան

Վենս․ Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին՝ Իրանի նկատմամբ ճնշումն ապահովելու հարցում

04/09/2026
Թուրքիա

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

03/09/2026
Հաջորդ Lուրը

Վենս․ Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին՝ Իրանի նկատմամբ ճնշումն ապահովելու հարցում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պուտին. Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները շարունակում են ամրապնդվել

04/09/2026

Պուտին․ Ուկրաինայի պատերազմի ավարտի շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն կա

04/09/2026

Վենս․ Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին՝ Իրանի նկատմամբ ճնշումն ապահովելու հարցում

04/09/2026

Թաքվա․ Թուրքիան չպետք է բաց թողնի Հարավային Կովկասի ընձեռած հնարավորությունը

04/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)