Իրաքի իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող «Camp Victory» ռազմաբազայի տարածքը, որտեղ նախկինում տեղակայված էր ԱՄՆ զինված ուժերի շտաբը։ Սա տեղի է ունենում Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման և միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հետ համագործակցության ավարտի ֆոնին։ Այս մասին հայտնում է Իրաքի ազգային տեղեկատվական գործակալությունը։
Միաժամանակ Իրաքը Թուրքիայի հետ պայմանավորվել է երկրի հյուսիսում՝ Նինվեի նահանգի Բաշիկա-Զիլքան ռազմաբազայից թուրքական ուժերի աստիճանական դուրսբերման և այն Իրաքի դաշնային կառավարությանը հանձնելու շուրջ։ Բազան երկար տարիներ տարաձայնությունների պատճառ է եղել Բաղդադի և Անկարայի միջև։
Իրաքի անվտանգային հարցերով տեղեկատվական կենտրոնի ղեկավար Սաադ Մաանը հայտնել է, որ ԱՄՆ շտաբի փոխանցումն ու Բաշիկայից թուրքական ուժերի դուրսբերման պայմանավորվածությունը տեղի են ունենում Իրաքում օտարերկրյա ռազմական ներկայության վերանայման պայմաններում։
Միաժամանակ, ըստ աղբյուրի, 2026 թվականի սկզբից միջազգային հակաահաբեկչական կոալիցիան Իրաքում օդային գործողություններ չի իրականացրել։ Իրաքյան F-16 կործանիչներն արդեն ավելի քան 10 օր առաջադրանքներ են կատարում առանց օտարերկրյա ուժերի մասնակցության, իսկ ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացնում են իրաքցի մասնագետները։ Հաղորդվում է նաև, որ Իրաքը նաև բանակցում է ժամանակակից ռազմական ինքնաթիռներ, այդ թվում՝ ֆրանսիական «Rafale»-ներ ձեռք բերելու շուրջ։
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Իրաքը նախատեսում է ավարտել միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հետ համագործակցությունը: Դրանից հետո առանձին երկրների հետ ռազմական տեխնիկայի ձեռքբերման, անվտանգության ուժերի պատրաստման և այլ ոլորտներում համագործակցությունը կշարունակվի երկկողմ համաձայնագրերի հիման վրա։







