Հայաստանից և Թուրքիայից 16 լրագրողներ և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ հոկտեմբերի 12-26-ը համատեղ ճանաչողական այցով կլինեն երկու երկրների տարբեր քաղաքներում։
«Armenia-Türkiye Media Bus Tour» ծրագրի մասնակիցներն այժմ Ստամբուլում են։ Թուրքիայում նախատեսված են այցելություններ նաև Իզմիր, Դիարբեքիր, Վան, Մուշ և Կարս։ Լրագրողները կայցելեն հայ-թուրքական երկաթուղային և ցամաքային սահման, որից հետո կմեկնեն Հայաստան։ Այստեղ ծրագրի երթուղին ընդգրկում է Երևանը, Գյումրին, Դիլիջանը և Սևանը։
Այցի ընթացքում հայ և թուրք լրագրողները հանդիպումներ կունենան պաշտոնյաների, գործարարների, հետազոտողների, զբոսաշրջության ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նախատեսված են նաև այցելություններ լրատվամիջոցներ, տնտեսական և կրթական հաստատություններ, տեղական ձեռնարկություններ ու զբոսաշրջային կենտրոններ։
Ծրագրի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ տեղում ծանոթանալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող զարգացումներին, տնտեսական համագործակցության, զբոսաշրջության և տարածաշրջանային հաղորդակցությունների հեռանկարներին ու մարտահրավերներին։
Նախաձեռնությանը մասնակցում են ութական լրագրողներ և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից և Թուրքիայից։ Ծրագրին մասնակցում է նաև Region Monitor-ի թղթակիցը։
Այցի ընթացքում ձեռք բերված տեղեկությունների, հանդիպումների և հարցազրույցների հիման վրա մասնակիցները կպատրաստեն լրագրողական նյութեր՝ անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին։
«Armenia-Türkiye Media Bus Tour» նախաձեռնությունն իրականացվում է «Աջակցություն Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ Եվրամիության աջակցությամբ։
Ծրագիրն իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Թուրքիայի Հրանտ Դինք հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (TEPAV)։








