Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցով։ Այս մասին «Region Monitor»-ի փոխանցմամբ, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նրա խոսքով՝ հարցը կարող է քննարկվել, եթե այն ընդգրկվի խորհրդի նիստի օրակարգում։ Համապատասխան առաջարկ կարող է ներկայացնել կազմակերպությունում նախագահող երկիրը կամ անդամ պետություններից որևէ մեկը։
Մասադիկովը նշել է, որ Հայաստանի՝ կազմակերպության աշխատանքներին փաստացի չմասնակցելու հարցը կարելի է դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համատեքստում։ Ըստ նրա՝ անդամավճարները չվճարելու և քվոտայով նախատեսված պաշտոնները չհամալրելու դեպքում անդամ պետությունը զրկվում է ձայնի իրավունքից։
Միաժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Հայաստանի ներկայացուցիչը շարունակում է ամեն շաբաթ մասնակցել կազմակերպության Մշտական խորհրդի նիստերին։
«Հայաստանը կարծես չի մասնակցում քննարկումներին, սակայն նրա ներկայացուցիչը շաբաթական կտրվածքով ներկա է Մշտական խորհրդի նիստերին, որտեղ քննարկվում են կազմակերպության գործունեությանն առնչվող հարցերն ու հնարավոր որոշումները»,- նշել է Մասադիկովը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում առաջիկա հինգ տարիներին ակտիվացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Փաշինյանի խոսքով՝ այդ որոշման պատճառը կազմակերպության կողմից Հայաստանի անվտանգության ապահովման հարցում ստանձնած պարտավորությունների չկատարումն է։








