ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով`ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) տարածած հաղորդագրությունում:
«Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին՝ ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը, Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է համանախագահների համատեղ հայտարարությունում՝ առանց կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարմանը վնասելու, կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել.
- Կողմերը, միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, դիտավորյալ հարձակում չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա,
- Կողմերն ակտիվորեն մասնակցելու են ռազմի դաշտում զոհվածների աճյունների փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և գործող նախագահի մշտական ներկայացուցչին (PRCiO) տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ,
- Կողմերը ԿԽՄԿ-ին և PRCiO-ին մեկ շաբաթվա ընթացքում փոխանցելու են ներկայումս պահպանության տակ գտնվող ռազմագերիների ցուցակը՝ հետագա փոխանակումն ապահովելու նպատակով,
- Կողմերը գրավոր ներկայացնելու են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի ստուգման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանությունները և հարցերը։
«Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են անցկացրել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։ Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ: