Վրաստանի ընդդիմությունը փոխում է բողոքի ձևաչափը: Նման որոշում են կայացրել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հանդիպումից հետո:
«Բողոքների ձևաչափն այնպես է կազմակերպվելու, որ Ղարիբաշվիլին և Իվանիշվիլին մեր ակցիաները որպես պատրվակ չօգտագործեն բանակցությունները տապալելու համար, որոնք նախաձեռնվել են Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Այդ պատճառով ակցիան, որը տեղի էր ունենալու կառավարության մոտ, փոխարինվում է ավտոերթով: Ավտոշարասյունը կշարժվի Հանրապետություն հրապարակից և կուղևորվի դեպի Ռուսթավելի փողոց, որտեղ գտնվում է քաղբանտարկյալ Նիկա Մելիան»,-հայտարարել է ՄԱՇ-ի անդամ Թինա Բոկուչավան:
Նշենք, որ Վրաստանի իշխանությունները և ընդդիմությունը երկու շաբաթ ունեն քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար: Եվրոպայի խորհրդի նախագահը կողմերին հայտնել էր, որ երկու շաբաթից Բրյուսելում կայանալու է ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի նիստը, որտեղ կքննարկվի երկրում առկա քաղաքական իրավիճակը: Այս ընթացքում կողմերը պետք է որոշակի կոնսեսուսի հասած լինեն:
Բոկուչավան այս կապակցությամբ իրենց համակիրներին տեղեկացրել է, որ մարտի 13-ին նախատեսված մեծ ցույցը կտեղափոխվի մարտի 20-ին: