Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ միջանցքային տրամաբանությամբ հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու։
Նրա խոսքով, եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է։
«Բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, կրկին վստահեցնում եմ ձեզ, որ դա բացառվում է»,-նշել է փոխվարչապետի պաշտոնակատարը:
Անդրադառնալոցվ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, Գրիգորյանը հայտնել է, որ աշխատանքները չեն շարունակվում՝ մասնավորապես սահմանային վերջին միջադեպերից ի վեր:
«Բազմիցս հայտարարել եմ, որ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն մի դեպքում, եթե ֆոնը և ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն: Այս իրավիճակում և սահմանում այս իրադրությունների պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Վերջին շրջանում կոնտակտներն ընդհատվել են այդ հարթակի մասով»,-ասել է Գրիգորյանը: