«Երբ սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները գալիս են Խոդաֆարինի կամուրջի մոտ և Իրանի սահմանից 3 կմ հեռավորության վրա լրտեսական սարքեր են տեղադրում, ակնհայտ է, որ այսօրվա սահմանը տարբերվում է մեկ տարի առաջվա սահմանից»,- այս մասին գրում է Syriankhabar թելեգրամյան ալիքը՝ անդրադառնալով Իրանի ԶՈւ զորավարժության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։
Ավելի վաղ Ալիևը մեղադրանքներ և քննադատություններ էր հնչեցրել Իրանի հասցեին՝ հյուսիսարևմտյան սահմանին Իրանի զորավարժությունների հետ կապված։
«Երբ այդ սահմանները հայերն էին վերահսկում, այնտեղ ո՛չ սիրիացի ահաբեկիչներ, և ո՛չ էլ Իսրայելի հետախուզական կազմակերպություններ չկային: Այն ժամանակ Իրանը իր սահմաններին որևէ վտանգ չէր տեսնում, քանի որ այն մարդիկ, ովքեր վերահսկում էին այդ սահմանը, Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիք չէին ներկայացնում», -հավելում է թելեգրամյան ալիքը:
Տեղեկացնենք, որ երկկողմ հարաբերությունների լարվածության պատճառներից են նաև Ադրբեջանից հնչող շարունակական մեղադրանքները՝ կապված Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող իրանական բեռնատարների տեղաշարժի հետ։