Անհնար է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակն առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում՝ Վալդայի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Այժմ ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է: Եվ այստեղ, իհարկե, ոչինչ հնարավոր չէ անել առանց Ռուսաստանի մասնակցության։ Այստեղ, թերևս, ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից, շատ պարզ ու պրագմատիկ բաներ կան։ Քարտեզներ կան ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել միութենական հանրապետությունների սահմանները խորհրդային շրջանում», – ասել է ՌԴ ղեկավարը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում միշտ չէ հնարավոր խուսափել միջադեպերից։ «Դժվար է իդեալիստական պատկեր պատկերացնել այսքան տարվա առճակատումից հետո», – ասել է ՌԴ ղեկավարը։
Պուտինը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է զիջումների գնան։Պուտինի խոսքով՝ ռուսական կողմը նույնպես կողմնակից է կարգավորման բազմակողմ ձեւաչափին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացմանը։ Նրա խոսքով, ներկայումս նման աշխատանքներ են տարվում, և ողջ գործընթացի հիմնական նպատակը «անվտանգության իրավիճակի ստեղծումն է և ապագայում հարաբերությունների դրական ձևով կառուցումը»։
«Առայժմ այն ամենին, ինչ մենք մեր առջև դրել էինք որպես նպատակ, ընդհանուր առմամբ, կարողացել ենք հասնել: Եվ, իհարկե, պետք է նայենք դեպի ապագա, տեսնենք, թե ինչ կլինի հետո: Խոսքը միայն ռուս խաղաղապահների տեղակայման երկարացման մասին չէ։Խնդիրը երկու երկրների միջև հարաբերություններ կառուցելն է, սա ամենակարևորն է, և ես հուսով եմ, որ մենք կկարողանանք դա անել»,- եզրափակել է ռուսական պետության ղեկավարը։