ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառվել է «Ադրբեջանի քաղբանտարկյալների հետ կապված հաղորդագրությունների մասին գործի» հարցը, որի կքննարկվի հունվարի 27-ին: Համապատասխան բանաձևի նախագիծը կազմել է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով զեկուցող, իսլանդացի պատգամավոր Թորհիլդուր Սուննա Էվարսդոտիրը (Thorhildur Sunna ÆVARSDÓTTIR):
Զեկույցը լուրջ մտահոգություն է պարունակում՝ կապված Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրի հետ, որը «համակարգային բնույթ» է կրում: Դեռեւս 2001 թվականին, երբ Ադրբեջանը միացավ Եվրոպայի Խորհրդին, ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ արեց «ազատ արձակել կամ վերանայել քաղբանտարկյալների գործի դատական կարգը»:
Սակայն այդ խնդիրը մինչ այժմ առկա է՝ չնայած տվյալ հարցով ԵԽԽՎ մի քանի բանաձևերի: Վերջին տարիներին ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներ է կայացրել՝ հաստատելով Եվրոպական կոնվենցիայի խախտումը ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների, իրավապաշտպանների եւ լրագրողների կամայական ձերբակալությունների պատճառով: Բանաձևի նախագծում նշվում է, որ ԵԽԽՎ նախորդ զեկուցող Քրիստոֆ Շտրասսերի զեկույցում ներառված է եղել 85 մարդ: Նրանցից առնվազն 9-ը շահել են գործը, և ևս 4-ի գործը մնում է ԵԽԽՎ օրակարգում:
«Ամեն դեպքում կասկածներ չկան, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների երեւույթն իրական է»,- նշում է զեկուցող Էվարսդոտիրը:
Միևնույն ժամանակ, նա վստահություն ներշնչող է անվանում քաղբանտարկյալների ցուցակները, որոնք ներկայացրել են «Ադրբեջանի քաղբանտարկյալների միասնական ցուցակի կազմման աշխատանքային խումբը» եւ «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը»:
Զեկույցում հիշատակվում են լրագրող Աֆղան Մուխթարլիի, «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդներ Թալեհ Բագիրզադեի եւ Աբբաս Հուսեյնովի, «Սայիդ Դադաշբեյլիի գործի» ֆիգուրանտների գործերը և այլն:
Զեկուցողն առանձնացրել է նաեւ 2018 թվականի Գյանջայի (Գանձակ) դեպքերը: «Շատերը, ում հետ ես հանդիպել եմ Ադրբեջանում, ներառյալ՝ դիվանագետները, այդ առնչությամբ լուրջ մտահոգություն են հայտնել»,- գրում է զեկուցողը:
Նա հիշեցնում է, որ մի քանի օր անց այն բանից հետո, երբ տարածվեցին Գյանջայի ղեկավարի վրա հարձակվողի լուսանկարները, Գյանջայում ցույցեր անցկացվեցին, որոնց ընթացքում ոստիկանության 2 սպա սպանվեց: Այդ գործով ձերբակալվեց 77 մարդ: «Նրանցից ոմանք ասում են, որ իրենք նույնիսկ չեն մասնակցել ցույցերին: Իշխանությունները պնդում են, որ բոլոր նրանք իսլամական ծայրահեղականներ են»,- ասում է զեկուցողը:
Դատական գործընթացներ են անցկացվել Բաքվում, և շատ լրագրողներ չեն մասնակցել այդ գործընթացներին: Լուրջ խնդիրներ են եղել մեղադրանքների հավաստիության հետ կապված, որոնք դատարանը չի կարողացել պատշաճ կերպով ուսումնասիրել: Ասամբլեան դիմում է Ադրբեջանի իշխանություններին՝ խնդրանքով վերանայել նրանց գործերը, որոնց անունները նշված են քաղաքացիական հասարակության ցուցակներում և ազատ արձակել նրանց, որոնք ձերբակալվել են քաղաքական մոտիվներով: Բանաձևում առաջարկվում է մեկընդմիշտ լուծել քաղբանտարկյալների հարցը: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների ցուցակների՝ քաղբանտարկյալների թիվը կազմում է 120-136 մարդ: