Քուվեյթի արտգործնախարար շեյխ Ահմադ Նասսեր Ալ-Սաբահը հունվարի 30-ին հայտարարել է, որ Պարսից ծոցի պետությունները քննարկում են Լիբանանի արձագանքը լարվածության հաղթահարմանն ուղղված Քուվեյթի նախաձեռնությանը:
«Մենք ստացել ենք պաշտոնական արձագանքը: Այն կքննարկվի Քուվեյթում և Պարսից ծոցի երկրներում համապատասխան մարմինների կողմից՝ որոշելու, թե որն է լինելու հաջորդ քայլը»,- ասել է շեյխ Ալ-Սաբահը:
Ալ-Սաբահը դրական քայլ է համարել Քուվեյթի ներկայացրած առաջարկների փաթեթին Լիբանանի արձագանքը, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել:
Նշենք, որ օրեր առաջ Քուվեյթ էր մեկնել Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բուհաբիբը Պարսից ծոցի երկրների ներկայացրած նախաձեռնության պաշտոնական արձագանքը փոխանցելու: Հատկանշական է, որ քուվեյթյան նախաձեռնությամբ ներկայացված առաջարկներից մեկը «Հեզբոլլահ» կուսակցության միջամտության կանխումն է Եմենի պատերազմում: Սակայն Բուհաբիբը պնդել է, որ «Հեզբոլլահը» թեև ակտիվ է կառավարությունում, բայց չի գերիշխում Լիբանանի քաղաքականության մեջ:
«Ես չեմ պատրաստվում զինաթափել «Հեզբոլլահին» կամ վերջ տալ նրա գոյությանը: Լիբանանում դա քննարկման ենթակա չէ»,- ասել է Բուհաբիբը Aljazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Բուհաբիբը հույս է հայտնել կարգավորել բնականոն հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ՝ ավելացնելով, որ Լիբանանը առաջարկություններ ունի կողմերի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ առանց այլ մանրամասնելու:
Հիշեցնենք, որ Քուվեյթի արտգործնախարար Ալ-Սաբահը հունվարի 23-ին լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաներին էր ներկայացրել Քուվեյթի նախաձեռնությունը, որը նպատակաուղղված է Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Այն բաղկացած է 12 մասից և նախապայմաններ չի առաջադրում: Ալ-Սաբահը հայտնել է, որ այս նախաձեռնությունը համաձայնեցված է Պարսից ծոցի երկրների հետ: Իսկ Բեյրութի և Պարսից ծոցի երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի առիթ դարձավ Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի՝ Aljazeera-ին տված հարցազրույցը, որով նա քննադատել էր Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը Եմենի պատերազմում: