Պենտագոնն առաջին անգամ հայտարարել է, որ Իրաքում գործող իրանամետ խմբավորումները մեծ ազդեցություն ունեն այդ երկրի անվտանգության ծառայության վրա և երկար ժամանակ օգտվել են ԱՄՆ-ի ֆինանսավորած գումարներից:
Պենտագոնի հրապարակած զեկույցում նշված է, որ «Իրանը և նրա դաշնակից խմբավորումները շարունակում են ամուր հարաբերություններ ունենալ իրաքյան անվտանգության ուժերի որոշ տարրերի հետ, մասնավորապես՝ Իրաքի դաշնային ոստիկանության և արտակարգ իրավիճակների ուժերի հետ, որոնք վերահսկվում են Իրաքի ներքին գործերի նախարարության, ինչպես նաև հինգերորդ ստորաբաժանումների կողմից»:
Իսկ իրաքյան բանակի ութերորդ ստորաբաժանումն, ենթադրվում է, ունի իրանական ամենամեծ ազդեցությունը:
Փաստորեն, ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ զեկույցում առաջին անգամ հայտարարվել է, որ Իրանը ներգրավված է Իրաքի անվտանգության ծառայություններում:
Ուշագրավ է, որ, թեև Իրանի ազդեցությունը տասնամյակներ շարունակ «բաց գաղտնիք» է եղել, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը շարունակել է ֆինանսավորել Իրաքի ներքին գործերի նախարարությանը, որի կազմում ներառվել է նաև «Բադր կորպուսը» (այս կորպուսը ստեղծվել է Իրանի կողմից և ձուլվել է Իրաքի անվտանգության ծառայություններին 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելուց հետո):
«Բադր կորպուսը» տևական ժամանակ անհանգստություն էր առաջացնում ամերիկյան կոնգրեսմենների շրջանում: Բայդենի վարչակազմին պարբերաբար կոչ էին անում դադարեցնել Իրաքի ներքին գործերի նախարարությանը հատկացվող ֆինանսավորումը, իսկ «Բադր կորպուսը» ճանաչել որպես ահաբեկչական խմբավորում՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների հետ կապերի պատճառով: