Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունք է նշել: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով իրենց արտաքին գործերի նախարարությունը։
Համաձայն հայտարարության` Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետևյալ սկզբունքները.
- ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
- միմյանց նկատմամբ պետությունների տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն,
- ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ–ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից,
- պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
- տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ Հայաստանին հարաբերությունների կարգավորելու առաջարկ են ուղարկել, որը բաղկացած է 5 կետից։ Նա չի մանրամասնել, թե ինչ կետերի մասին է խոսքը, միայն ասել է, որ դրանցից մեկն առնչվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։
Մարտի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։