Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրան ուղեկցող պատվիրակությունն այսօր ժամանել են Դամասկոս: Այցի շրջանակներում Աբոլլահիանը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆայսալ Միկդադի հետ:
Նախարար Միկդադն ընդգծել է, որ այս այցը ևս մեկ հնարավորություն է ընձեռում քննարկել «երկու երկրներին հուզող հիմնահարցերը» և տարածաշրջանային վերջին զարգացումները։
«Մենք ձգտում ենք պահպանել լավագույն հարաբերությունները տարածաշրջանի երկրների՝ այդ թվում Իրանի և արաբական այլ երկրների հետ», – ասել է Միկդադը:
Իր հերթին արտգործնախարար Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանն աջակցում է Սիրիայի կառավարությանը և ժողովրդին, իսկ երկկողմ հարաբերությունները լավագույն ուղով են զարգանում:
«Մենք շարունակելու ենք ամրապնդել երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ հատկապես տնտեսական ոլորտում, որը մեր գլխավոր առաջնահերթությունն է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը:
Նշենք, որ իրանական ISNA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Դամասկոսում պաշտոնական այցի ավարտից հետո Աբդոլլահիանը մեկնելու է Լիբանան:
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարը Սիրիա էր այցելել օգոստոսին: Դամասկոսում նրան ընդունել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: