Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունեն Մինսկի խմբի ապագայի հետ կապված, որի համանախագահ է Ֆրանսիան:
«Այդ կարգավիճակով Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի առաջընթաց գրանցվի հումանիտար հարցերում, և շարունակում է աջակցել սահմանների սահմանազատման աշխատանքներին, տարածաշրջանի մեկուսացումը վերացնելու գործընթացին, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Այդ նպատակով փետրվարի 4-ին Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է կազմակերպվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Երևանում»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: