Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի դեսպանների՝ Լիբանան վերադարձով վերականգնվում են հարաբերությունները կողմերի միջև, և ակտիվացվում սաուդա-ֆրանսիական աջակցության հիմնադրամի՝ կրթական, տնտեսական հումանիտար, առողջապահական և մի շարք այլ ոլորտներում ֆինանսական օգնություն տրամադրելու նախաձեռնությունը։
Ըստ սաուդական Aawsat լրատվամիջոցի՝ հիմնադրամը պատրաստվում է սկզբնական փուլում 72 միլիոն եվրո օգնություն տրամադրել՝ պայմանով, որ «պաշտոնական Բեյրութը կդադարեցնի Պարսից ծոցի երկրների անվտանգությանն ուղղված սպառնալիքները և խիստ միջոցներ կձեռնարկի թմրամիջոցների մաքասանենգության կանխարգելման համար»։ Նախատեսվում է աջակցությամբ տրամադրվող գումարի չափը հասցնել 100 միլիոնի:
Նշենք, որ օրեր առաջ Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի դեսպանները վերադարձել էին Բեյրութ 5-ամսյա դադարից հետո: Նրանք հետ էին կանչվել Լիբանան-Պարսից ծոց դիվանագիտական ճգնաժամի պատճառով: Դեսպանների վերադարձը պայմանավորված է Լիբանանի կառավարության կողմից նշված պայմաններին խստորեն հետևելու պատրաստակամությամբ։