Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում այսօր դարձյալ բախումներ են եղել մուսուլման հավատացյալների և Իսրայելի ոստիկանության ուժերի միջև:
Բախումների հետևանքով վիրավորվել են ավելի քան 42 պաղեստինցի:
Պաղեստինյան կարմիր խաչը Իսրայելի ոստիկանության գործողությունները «վայրագություն» է որակել՝ ավելացնելով, որ անգամ «չի թույլատրել բժշկական անձնակազմի մուտքը Ալ-Աքսա մզկիթ, ծեծի ենթարկել բուժաշխատողին»:
Ականատեսները պատմել են, որ ավելի քան երկու ժամ տևած ներխուժումից հետո իսրայելական ոստիկանական ուժերը հետ են քաշվել Ալ-Աքսա մզկիթի բակերից:
Իսրայելի ոստիկանությունն իր հերթին տեղեկացրել է, որ իր ուժերը մտել են մզկիթի տարածք այն ժամանակ, երբ անկարգություններ են նկատվել, մասնավորապես քարեր են նետվել Արևմտյան Պատի ուղղությամբ (Արևմտյան Պատը կամ Լացի պատը Երուսաղեմի հին քաղաքի 485 մ երկարությամբ պատն է, որը պահպանվել է 70 թվականին հռոմեացիների կողմից Երկրորդ Տաճարի կործանումից հետո։ Այն համարվում է հուդայականության խոշորագույն սրբավայր):
Նշենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ավելի քան 250 պաղեստինցի է վիրավորվել Ալ-Աքսայի համալիրում (Ալ-Աքսան իսլամի երրորդ սուրբ վայրն է, և միևնույն ժամանակ հրեաների համար է սրբազան վայր, որը կոչում են Տաճարի լեռ):






