Լիբանանում մայիսի 15-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին տեղի հայկական քաղաքական կուսակցությունները ևս մասնակցում են՝ իրենց թեկնածուներով: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Հայկական քաղաքական կուսակցությունները Լիբանանի այլ քաղաքական ուժերի հետ առանձին կազմել են դաշինք ու մասնակցություն ունեցել ցուցակները կազմելու գործում: Դաշնակցությունը ներկայացրել է 5 թեկնածու, Հնչակյան կուսակցությունը՝ 1 թեկնածու: Հայկական քաղաքական կուսակցություններից զատ կան նաև հայեր, որոնք անհատապես մասնակցում են ընտրություններին քաղաքացիական շարժումների ցուցակներով: Կարծում եմ, որ ընտրության լայն հնարավորություն կա»,-ասաց Շահան Գանտահարյանը:
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունն ունի ինչպես համամասնական, վարկանիշային, այնպես էլ համայնքային բաղադրիչ: Շահան Գանտահարյանը նկատեց, որ բարդ, խճճված մոտեցում է, ինչը ժողովրդավարական առումով այդքան էլ ճիշտ չի ապահովում ժողովրդի ներկայությունը:
Հիշեցնենք, որ 2022-ի մայիսի 15-ին Լիբանանում խորհրդարանական ընտրությունների վերջին փուլն է: Ընտրությունները սկսվում են Լիբանանի ժամանակով ժամը 7:00-ին և ավարտվում է երեկոյան 19:00-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջին փուլին քվեարկել են արտերկրում բնակվող լիբանանցիները: Մայիսի 7-ին քվեարկել են արաբական 9 երկրներում և Իրանում բնակվող լիբանանցիները, իսկ մայիսի 9-ին՝ Եվրոպայում, Աֆրիկայում, Կանադայում, Ավստրալիայում, ամերիկյան մայրցամաքում և ԱՄԷ-ում բնակվող լիբանանցիները: