Երեկ Լիբանանում կայացել են խորհրդարանական ընտրությունների վերջին փուլը:
Ընտրությունները սկսվել են Լիբանանի ժամանակով առավոտյան ժամը 7:00-ին և ավարտվել երեկոյան 19:00-ին: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 41.04%-ը մասնակցել է քվեարկությանը:
Պաշտոնական արդյունքները հրապարակվելու են այսօր, սակայն արդեն հայտնի են նախնական արդյունքները:
Հաղորդվում է, որ երկրի ամենամեծ շիայական կուսակցության՝ «Հեզբոլլահի» դաշնակից «Ազատ հայրենասիրական շարժում» քրիստոնեական կուսակցությունն իր տեղը զիջելու է Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող «Լիբանանյան ուժեր» կուսակցությանը:
Նախնական տվյալների համաձայն՝ «Լիբանանյան ուժերը» հաղթել է 20 պատգամավորական մանդատ, մինչդեռ նախորդ ընտրություններում հաղթել էր 15 տեղ:
«Ազատ հայրենասիրական շարժումը» զբաղեցնելու է 16 տեղ խորհրդարանում, սակայն նախկինում ուներ 18 տեղ:
Շիայական «Ամալ» շարժումը զբաղեցնելու է 17, իսկ «Հեզբոլլահը»՝ 13 տեղ: Ուշագրավ է, որ նախորդ ընտրություններում «Հեզբոլլահը» զբաղեցնում էր 71 տեղ:
Ամիսներ առաջ նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել էր քաղաքական գործունեության դադարեցման մասին: Շատերի կարծիքով՝ Հարիրիի բացակայությունն իր ազդեցությունը թողնելու է սուննի համայնքի քաղաքական ներակայացվածության վրա:
Նշենք, որ «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցությունը Լիբանանի քրիստոնեական ամենամեծ կուսակցությունն է: Այն հիմնել է գործող նախագահ Միշել Աունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդարանական ընտրությունների առաջին երկու փուլերը կայացել են մայիսի 7-ին և 9-ին: Մայիսի 7-ին քվեարկել էին արաբական 9 երկրներում և Իրանում բնակվող լիբանանցիները, իսկ մայիսի 9-ին՝ Եվրոպայում, Աֆրիկայում, Կանադայում, Ավստրալիայում, ամերիկյան մայրցամաքում և ԱՄԷ-ում բնակվող լիբանանցիները։ Լիբանանի 15 ընտրատարածքներում բաշխված են եղել 103 ընտրական ցուցակներ՝ 718 թեկնածուներով, ովքեր պայքարում էին 128 պատգամավորական մանդատների համար: