Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն 38 է: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Արցախի ԱԺ-ում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Սակայն Արցախի ՄԻՊ-ի, Հայաստանի ՄԻՊ-ի և այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում ենք ապացուցել ևս 80 անձանց գերության մեջ լինելու հանգամանքը: Ցավոք սրտի, դա մինչև այսօր Ադրբեջանի կողմից որևէ ձևով չի հաստատվում, ինչը մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»,-ասաց նա:
Գեղամ Ստեփանյանի խոսքով, այդ 38 անձանց շարքում Արցախի քաղաքացի չկա. «Նրանցից 35-ը զինվորականներ են, 3-ը քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են նյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Սակայն անհետ կորած են շարունակում մնալ 19 քաղաքացիական անձ: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության մեջ լինելու հանգամանքը ևս կարողանում ենք փաստերով ապացուցել:
Մենք 2021-ին պատրաստել ենք կեղծ մեղադրանքների հիման վրա Ադրբեջանում դատավարությունների իրականացմանը հայ ռազմագերիների նկատմամբ, որը տարածվել է ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ նաև արձանագրում է ստացել տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պատրաստվող զեկույցներում»,-ընդգծեց Ստեփանյանը՝ նշելով, որ բոլոր 38-ի նկատմամբ Ադրբեջանում դատավճիռներ են կայացվել: