Իսրայելի իշխանությունները չեն բացառում, որ Իրանը կարող է հարձակում կազմակերպել տարածաշրջանի որոշ երկրներում հրեական պետության քաղաքացիների վրա։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Times of Israel-ը։
Նման մտավախությունները կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) գնդապետ Հասան Սայադ Խոդայի սպանության և դրանում Իսրայելի մասնակցության մասին լրատվամիջոցներով տեղեկատվության արտահոսքի հետ։ Չորեքշաբթի օրը համապատասխան տեղեկությունը հաղորդել է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրները։
Ըստ The Times of Israel-ի, Իսրայելի կառավարության և պաշտպանության գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի խորհրդակցություններ են անցկացրել, որոնց ժամանակ քննարկվել է սպառնալիքի մակարդակը։ Սպասվում է, որ մոտ օրերս իշխանությունները կարող են ինչ-որ կերպ հրահանգավորել քաղաքացիներին Իրանին սահմանակից երկրներ մեկնելու հարցում, սակայն պաշտոնական նախազգուշացում դեռ չկա։
Ենթադրվում է, որ ռիսկային գոտին կներառի ԱՄԷ-ն, Բահրեյնը, Ադրբեջանը և, հավանաբար, Թուրքիան։ Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ այս պահին կոնկրետ սպառնալիքների մասին հետախուզական տվյալներ չկան, սակայն իշխանությունները խորհուրդ կտան իսրայելցիներին ավելի զգույշ լինել Իրանին սահմանակից երկրներ, մասնավորապես՝ ԱՄԷ և Բահրեյն ճանապարհորդելիս, որտեղ, ըստ Իսրայելի, քաղաքացիներն այս պահին ընդհանրապես չպետք է մեկնեն, եթե խիստ անհրաժեշտություն չկա:
Մայիսի 22-ին Թեհրանի արևելքում գտնվող նրբանցքներից մեկում անհայտ անձինք կրակել են Խոդայի մեքենայի վրա, որը բարձրանում էր իր տուն։ Հարձակմանը մոտոցիկլետով մասնակցել է երկու անձ։ Հարձակվողները հինգ անգամ կրակել են գնդապետի վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երկուշաբթի օրը հայտարարել է, որ երկրի իշխանությունները վրեժ են լուծելու գնդապետի սպանության համար։