Իրաքի խորհրդարանը օրենք է ընդունել, որով արգելվում է Իսրայելի հետ հարաբերություններ կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Օրենքն առաջարկվել է շիա հոգևոր ազդեցիկ առաջնորդ Մուկտադա Ալ-Սադրի կողմից, ում գլխավորած կուսակցությունը հոկտեմբերին կայացած ընտրություններում ամենաշատ տեղերն էր ստացել խորհրդարանում:
«Օրենքի հաստատումը ոչ միայն իրաքցի ժողովրդի հաղթանակն է, այլև Պաղեստինի և Հեզբոլլահի հերոսների համար է Լիբանանում», – ասել է իրաքցի շիա օրենսդիր Հասան Սալիմը:
Ուշագրավ է, որ Իրաքի խորհրդարանը չի կարողացել գումարվել որևէ այլ հարցի, այդ թվում՝ նոր նախագահի ընտրության և նոր կառավարության ձևավորման շուրջ:
Իրաքը երբեք չի ճանաչել Իսրայել պետությունը իր հիմնադրումից ի վեր: Իրաքցի քաղաքացիներն ու ընկերությունները չեն կարող այցելել Իսրայել, սակայն նոր օրենքն ավելի հեռուն է գնում՝ մասնավորապես քրեականացնելով Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկացած փորձ:
Այս օրենքի ընդունման կապակցությամբ հայտարարություն է տարածել Պետդեպարտամենտն ըստ որի՝ այս օրենքը «ի լրումն խոսքի ազատության սպառնալիքի և հակասեմականության միջավայրի խթանման, բացահայտորեն հակասում է հարևան երկրների և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը»:
Նշենք, որ Պարսից ծոցի որոշ երկրներ, այդ թվում՝ ԱՄԷ-ն և Բահրեյնը կարգավորել են Իսրայելի հետ հարաբերությունները՝ փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելով: