Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:
Շաբաթը լարված էր սկսվել տարածաշրջանում: Թեհրանում սպանվել է ԻՀՊԿ-ի սպա գնդապետ Սայյադ Խոդային: ԻՀՊԿ-ն միջադեպը որակել է որպես ահաբեկչություն: Ավելի Ուշ The New York Times-ը գրում է, որ սպանության ետևում կանգնած է Իսրայելը:
Կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Քննարկվել էին սահմանային հարցեր, տրանսպորտային հաղորդկացությանը և խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումը՝ նշելով, որ Եվրամիությունը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության հաստատման համար:
Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին մայիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
Իսկ երկրորդ հանդիպումը կայանալու է Մոսկվայում հաջորդ շաբաթ:
Զուգահեռաբար Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունն Արցախում: Մասնավորապես նկատվել է Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակի բացակայությունը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ այցելել է Իսրայել, հանդիպել Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի և Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ: Կողմերը համաձայնել են շարունակել քայլեր ձեռնարկել երկու երկրների մերձեցման ուղղությամբ:
Իրաքի խորհրդարանը օրենք է ընդունել, որով քրեականացվում է Իսրայելի հետ հարաբերություններ կարգավորելու ուղղությամբ ցանկացած քայլ: Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով օրենքի ընդունումը:
Իսկ Իսրայելը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Ուկրաինային տրամադրելու «Spike» դասի հակատանկային հրթիռները: Իսրայելական կողմը նշել է, որ միայն ոչ մահաբեր ռազմական տեխնիկա է տրամադրելու Կիևին:
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատել է, որ Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա: Նրա խոսքով՝ հյուպատոսություն բացելու աշխատանքներն արդեն սկսվել են:
Շաբաթվա սկզբին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը ներկա էր գտնվել Լիբանանի և Իսրայելի սահմանին տեղակայված UNIFIL (United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության կազմի հայկական զորախմբի հերթափոխի դրոշի պաշտոնական հանձնման հանդիսավոր արարողությանը։
Շաբաթվա վերջին Լիբանան էր այցելել Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը: Բեյրութում պատվիրակությունը հանդիպել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ բըն Ֆահրանը հայտնել էր, որ Իրանի հետ բանակցություններում կա «որոշակի առաջընթաց», որը սակայն բավական չէ:
Իսկ ավելի ուշ տեղեկացվել է, որ տեսանելի ապագայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում չկա օրակարգում:
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի թագավորին՝ ազգային տոնի առթիվ և Վրաստանի վարչապետին՝ անկախության տոնի առթիվ:
Թուրքիայում էլ շաբաթը բավականին հետաքրքիր էր անցել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում հայտնել է առաջիկայում Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ասել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը և Անկարայում ԱՄՆ դեսպանատունը կապ են հաստատել համապատասխան մարմինների հետ՝ կապված Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության հետ:
Զուգահեռաբար Թուրքիայի զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe Kilit» (Մագիլ-Կողպեք) ռազմագործողության ընթացքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հետ բախման հետևանքով 3 թուրք զինվոր էր սպանվել և ևս 4-ը վիավորվել։
Միևնույն ժամանակ Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Կարս նահանգում ընթացել են թուրք-ադրբեջանական «Հեյդար Ալիև-2022» համատեղ զորավարժությունններ:
Հետաքրիքր զարգացում էր տեղի ունեցել թուրք –ամերիկյան հարաբերություններում: Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Ֆլեյքին կանչել էին Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ թուրքական կողմի մտահոգությունն են հղել նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության կապակցությամբ:







