Իրանի արտգործնախարարությունը խստորեն մերժում է Սիրիայում Թուրքիայի կողմից որևէ ռազմական գործողություն:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ավելացրել է, որ Իրանը դեմ է թուրքական ռազմական որևէ գործողության և Սիրիայի դեմ ուժի կիրառման:
«Նման գործողությունները կոտնահարեն Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կբարդացնեն իրավիճակը և կսրեն ճնշումները»,- հայտարարել է Խաթիբզադեն:
Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը ըմբռնում է Թուրքիայի անվտանգային մտահոգությունները և կարծում է, որ նման մտահոգությունների մեղմացման ուղին երկխոսությունն է, հարևան երկրների հետ երկկողմ համաձայնագրերի նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Աստանայի բանակցությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ վերջին տարիների զարգացումները ցույց են տվել, որ ռազմական գործողությունները ոչ միայն չեն օգնում լուծել առկա խնդիրները, այլև հանգեցնում են մարդասիրական ճգնաժամերի և տարածաշրջանում իրավիճակի վատթարացման: