Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին:
«Այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում ենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նշենք, որ Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով թուրք բարձրաստիճան դիվանագետի, նաև գրել են, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Թուրքիայում: