Իրանական «Tahlilbazaar» լրատվական-վերլուծական կայքում հրապարակվել է հոդված, որտեղ անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր զարգացումներին, ինչպես նաև թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին :
Հոդվածում նշվել է, որ 2020թ․ 44-օրյա պատերազմի ավարտից և դրան հաջորդած զարգացումներից հետո, թվում է, որ Թեհրանի համար կովկասյան տարածաշրջանի նշանակությունը մեծացել է։
Ընդգծվել է, որ այս տարածաշրջանը վերջին երկու հարյուրամյակների ընթացքում գտնվել է Ռուսաստանի ազդեցության ներքո, ինչը ներկա իրավիճակում փոքր-ինչ կրճատվել է։
Շեշտվել է, որ այնուամենայնիվ, Իրանը, որն այս տարածաշրջանի որոշ էթնիկ խմբերի հետ ունի ընդհանուր պատմություն ու մշակույթ, չի կարողացել ամրապնդել իր քաղաքական ազդեցությունը, և այժմ գտնվում է մի իրավիճակում, երբ Թուրքիան, որպես իր տարածաշրջանային մրցակից, օգտագործելով Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի զբաղվածությունը, կարողացել է Ադրբեջանի և Վրաստանի միջոցով իր դերն ու ազդեցությունն ամրապնդել այս տարածաշրջանում։
Ընդգծվել է, որ Թուրքիայի աճող ազդեցությունն իսկապես անհանգստության տեղիք է տալիս, քանի որ Անկարայի հասանելիությունն այժմ տարածվում է Ադրբեջանից շատ հեռու՝ դեպի Կասպից տարածաշրջան և Կենտրոնական Ասիա: Շեշտվել է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ավելի քան երկու դար գերիշխող ուժ է ունեցել, մինչդեռ Թուրքիան նոր իրողություն է բերում տարածաշրջան։ Նշվել է, որ Իրանի համար ավելի հեշտ է այս տարածաշրջանում գործ ունենալ հայտնի մրցակցի, քան նոր ավելի դինամիկ դերակատարի հետ:
Հոդվածում խոսվում է նաև «3+3» ձևաչափի մասին, որն ըստ հոդվածի՝ Իրանին հնարավորություն կտա ավելի մեծ դեր խաղալ տարածաշրջանում։
Անդրադառնալով տարանցիկ ուղիների փոփոխման խնդրին, նշվել է, որ ներկայումս Կովկասում ամենակարևոր խնդիրը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի ստեղծումն է», որը նույնպես վեճի առարկա է դարձել Թեհրանի և Բաքվի միջև, քանի որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի երկրի սահմանների փոփոխությունը։ Ընդգծվել է, որ այնուամենայնիվ, Իրանը ձգտում է մեծացնել իր տնտեսական ներկայությունը տարածաշրջանում, ուստի վերջերս Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին մաքսային տարանցիկ փոխադրումները հեշտացնելու համար, ինչը հնարավորություններ է տալիս Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ընդլայնման և Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երթուղու սահմանային անցակետերում մաքսային գործունեությունը պարզեցնելու համար:






