Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Բաքվի և Երևանի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության հնարավորինս արագ կարգավորմանը»,- ասել է նա։
Գոնչարը նաև մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու փորձեր իրականացնելու համար՝ ընդգծելով, որ ԵՄ-ն ակնհայտորեն փորձում է միջամտել ՌԴ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքներին։
«Եվրամիությունը նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից և առանց քաշվելու փորձում է միջամտել Բաքվի և Երևանի հետ Մոսկվայի եռակողմ աշխատանքին: Ուշագրավ է, որ Հարավային Կովկասի հարցով Բրյուսելի ակտիվացումը տեղի ունեցավ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների և ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համատեղ աշխատանքների դադարեցման ֆոնին»,- հայտարարել է Դենիս Գոնչարը։