ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Իմ տեղեկություններով, այո գնալու է»,- ասաց նա:
Սիմոնյանը ենթադրում է, որ Սոչիում Փաշինյանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հարցին, թե ի՞նչ է ակնկալում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից, Սիմոնյանը պատասխանեց. «Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ-ում բոլոր գործընկերները և մեր մեր դաշնակիցը արդեն գիտակցում են, որ հայկական շահի գիծը կանգնել է, և այլևս հետ քայլ անելու հնարավորություն չունենք: Ամեն ինչ անելու ենք Հայաստանի Հանրապետության շահերը, հա ժողովրդի, արցախցիների շահերը պաշտպանելու համար»,- ասաց Սիմոնյանը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ՌԴ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպման: