Իրանական սոցհարթակներում շարունակվում են քննարկվել Ալիևի հակաիրանական հայտարարությունները: Այս անգամ Khorasan թերթը նշել է, որ Ադրբեջանի նախագահը նախկինում ևս աչքի է ընկել նմանատիպ մեղադրանքներով՝ ցուցադրաբար լուսանկարվելով իսրայելական ԱԹՍ-ների հետ:
Khorasan-ը գրել է, որ նման մեղադրանքներն հնչել են այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Շիրազի ահաբեկչության կազմակերպողն Ադրբեջանի քաղաքացի է: Այս համատեքստում մատնանշվել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն ահաբեկիչներ է ներգրավել:
«Այժմ Ալիևը, հաշվարկային սխալ անելով, կարծում է, որ կարող է նվազեցնել Կովկասում Իրանի ազդեցությունը, իսկ Թեհրանն այլ տարբերակներ չունի: Սակայն, կարծես թե, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիության մասին նախազգուշացումներն Ադրբեջանին ստիպել են նահանջել և հակասությունների կարգավորման համար դիվանագիտական ուղի փնտրել: Սա է Ալիևի բարկության գաղտնիքը»,- շեշտվել է հոդվածում:
Ըստ թերթի՝ Իրանի կողմից Կապանում հյուպատոսություն բացելուց և զորավարժություն անցկացնելուց հետո Բաքուն հասկացել է, որ Իրանն իսկապես լուրջ է տրամադրված: Նշվել է, որ Թուրքիայի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների այցերն Ադրբեջան խոսում են այն մասին, որ Բաքուն կամա, թե ակամա օգտվում է Իրանի ներքին դրությունից Կովկասում «նոր գործ» սկսելու համար:







