Ավելի քան 50 օր շարունակվող Քաշաթաղի միջանցքի արգելափակման և Արցախի շրջափակման արկածախնդրության հետևանքով Արևմուտքում բարձրացված աննախադեպ հակաադրբեջանական ալիքի ֆոնին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումը, հնարավոր է, նվեր էր Ալիևի համար։
Նման ծավալի հասցեկան բացասական տրամադրությունները մեղմելու նպատակով Ադրբեջանի իշխանություններին անհրաժեշտ էր որևէ հավասարակշռող մանևր։ Իսկ առկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների պայմաններում ամենապատեհ քայլը հակաիրանական ուղեգծի առավել կարծրացումն է։ Թերևս սա էր նաև պատճառը, որ Ալիևի վարչակարգն աննախադեպ քայլի գնաց՝ Թեհրանից դուրս բերելով Ադրբեջանի դեսպանատան ողջ անձնակազմը և ավելի սրելով իրավիճակը. նման քայլերի պետությունները սովորաբար դիմում են թշնամական հարաբերությունների պարագայում։
Որպես օրինակ, 2022թ. օգոստոսին Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դեմ տեղի ունեցած հարձակումից հետո պաշտոնական Բաքուն սահմանափակվել էր ընդամենը «միջադեպը մանրամասն հետաքննելու և այդ սադրանքն իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու» կոչով։
Հարկ է հիշեցնել, որ հակաիրանական ուղեգծում բացահայտ տեղավորվելու ադրբեջանական մարտավարական հաշվարկն ակնհայտ դարձավ Հայաստանի դեմ 2022թ. ագրեսիայից հետո հարավկովկասյան տարածաշրջանում դարձյալ Արևմուտքի համար օրակարգային ռազմավարական՝ իրանական խնդրի առաջմղման համատեքստում։ Ադրբեջանի ընտրած ուղեգծի նպատակն էր հավասարակշռելու Հայաստանի նշանակությունը արդեն արևմտյան հակառուսական ծրագրերում։
Ստեղծված իրավիճակում Բաքու-Թեհրան հարաբերություններում ծավալվող գործընթացները միանշանակորեն Երևանի օգտին են. Հայաստանի մյուս երեք հարևաններից գոնե մեկի հետ նկատվում է լիարժեք շահերի համընկում։ Հետևաբար նման պայմաններում, հաշվի առնելով նաև Բաքվի մանևրի հանգամանքը, արևմտյան շահերը և այլն, Հայաստանը պետք է առավելագույնս նուրբ և աչալուրջ գործի՝ հնարավորինս ակտիվացնելով Իրանի հետ ռազմավարական բնույթի հաղորդակցությունը, բայց ոչ հրապարակային մակարդակում։
Արմեն Պետրոսյան