Իսրայելում ծայրահեղականների կողմից հայերին թիրախավորելու 3 պատճառ կա: Դրանցից մեկը կրոնի տարբերությունն է: Նման տեսակետ է հայտնել իսրայելահայ ակտիվիստ, Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամ, «Union of the Armenian Communities in Israel» բարեգործական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Քրիստինե Մովսեսյանը՝ Regionmonitor.am կայքի հետ զրույցում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.
–Տիկի՛ն Քրիստինե Մովսեսյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Վերջին շրջանում շեշտակի աճել են հայկական համայնքի նկատմամբ հրեա ծայրահեղականների տարաբնույթ հարձակումերը: Դեռևս տարեսկզբին հրեա ծայրահեղականները փորձել էին անարգել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, հարձակվել հայերի վրա: Բացի այդ՝ վերջերս նրանք հարձակվել էին Երուսաղեմում գտնվող ռեստորաններից մեկի վրա, որի սեփականատերը ևս ազգությամբ հայ է: Բազմաթիվ են ատելություն և մահվան սպառնալիք պարունակող գրությունները Երուսաղեմի հայկական թաղամասում: Գուցե շարքը կարող ենք երկար շարունակել: Ի՞նչ եք կարծում ո՞րն է արդեն պարբերական բնույթ կրող նման հարձակումների խորքային պատճառը և, ընդհանուր առմամբ, ի՞նչ մարտահրավերների է բախվում իսրայելահայ համայնքը:
-Առաջին պատճառն այն է, որ Իսրայելի նոր Քնեսեթում (խորհրդարանում) մեծամասնություն են կազմում աջակողմյան ուժերը՝ զբաղեցնելով պատգամավորական 64 տեղ՝ ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կոալիցիա կազմելով: Կոալիցիայի մեծ մասը ծայրահեղականներ են: Գալով իշխանության՝ նրանք բազմիցս հայտարարել են, թե Իսրայելը միայն հրեաներինն է, միայն հրեաները պիտի ապրեն այս երկրում և սկսեցին ճնշում գործադրել փոքրամասնությունների նկատմամբ, որոնց շարքում են բոլոր քրիստոնյաները՝ այդ թվում հայերը:
Որպես երկրորդ պատճառ կարող եմ նշել այն, որ նմանատիպ դեպքեր գրեթե միշտ եղել են հայերի և հրեաների միջև: Բազմաթիվ են եղել, երբ հրեա ծայրահեղականները թքել են հայկական եկեղեցու վրա, սակայն երբեք չի եղել, որ հարձակումներ գործեն Երուսաղեմի հայկական թաղամասում բնակվող հայերի վրա: Նշեմ, որ Երուսաղեմի հայկական թաղամասում բնակվում են հիմնականում ծերեր, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներ: Հայկական թաղամասում են նաև գտնվում թանգարանը, դպրոցը, մանկապարտեզը, և ոչ մի անգամ չի եղել, որ ծայրահեղականները թիրախավորեն այստեղի բնակիչներին: Այս առումով կարող եմ ավելացնել, որ երբ քաղաքական գործիչներն սկսեցին ծայրահեղական հայտարարություններ կատարել, նրանց համախոհների ու աջակիցների շրջանում էլ սկսեց ոգևորություն առաջանալ և նման վարքագիծ ցուցաբերել՝ կարծես ավելի վստահ լինելով, որ իրենց ամեն ինչ կարելի է: Վստահ եմ, որ համացանցում տեսել եք այն տեսանյութերը, երբ հրեա ծայրահեղականները վիճաբանություն էին սկսել հայ երիտասարդների հետ՝ հայտարարելով, թե «դուք այստեղ թաղամաս չունե՛ք», «գնացե՛ք ձեր Հայաստան» և այլն:
Իսկ երրորդ պատճառն արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակն է, որից հետո մենք վերաբերմունքի փոփոխություն ենք նկատում: Քանի որ Իսրայելում ադրբեջանցիներն ավելի շատ են, նրանք փորձում են հայերի դեմ ինչ-որ գործողություններ անել՝ կլինի դա թե՛ դպրոցներում, թե՛ աշխատավայրերում: Թեև չեմ կարծում, որ նմանատիպ գործողություններով նրանք որևէ հաջողության կհասնեն:
–Հակահայ տրամադրությունների աճին և գործողություններին զուգահեռ՝ մամուլում նկատում ենք նաև հրապարակումներ այն մասին, որ ծայրահեղականների թիրախում ընդհանուր առմամբ քրիստոնյաներն են (որպես օրինակ՝ կարող ենք նշել Հիսուս Քրիստոսի արձանը վանդալիզմի ենթարկելը): Արդյո՞ք կարող ենք նշել, որ ատելության նման դրսևորումը կրոնական տարբերություններով է պայմանավորված, թե կապված է նոր իշխանության ձևավորման հանգամանքով, քանի որ նոր կառավարության կազմում զգալի ներկայություն ունեն կրոնական և ազգայնական ուղղվածության քաղաքական ուժերը։
-Կարծում եմ, որ ատելության նման դրսևորումը, այո՛, կարող է պայմանավորված լինել կրոնով: Ինչպես նշեցի, նախկինում ևս ունեցել ենք դեպքեր, երբ հրեա ծայրահեղականները հայկական թաղամասով անցնում են իրենց թաղամաս, թքել են եկեղեցու, մեր հոգևորականների վրա: Սա պայմանավորված է կրոնի տարբերությամբ: Սակայն թույլ տվեք ներկայացնել, թե ովքեր են առհասարակ հրեա ծայրահեղականները: Նրանք մարդիկ են, ովքեր չունեն կրթություն և առաջնորդվում են միայն կրոնական գաղափարներով: Այս առումով նրանց դպրոցները զարգացման շատ ցածր մակարդակի վրա են: Կարող եմ պնդել, որ նրանք անգամ պատկերացում չունեն, թե ով է հայը: Մեր դպրոցներում երեխաները սովորում են չորս-հինգ օտար լեզու և գրագետ հաղորդակցվում են հայերենով անգլերենով, ֆրանսերենով, արաբերենով և եբրայերենով: Մի օրինակ կարող եմ բերել. հաճախ, երբ հայերն արաբերեն են խոսում, այդ ծայրահեղականներն արաբների հետ են շփոթում:
Այս ամենն, ինչ կատարվում է, մեծամասամբ կապված է նոր իշխանության հետ: Նոր իշխանության մեջ ծայրահեղականները, փաստացի, մեծամասնություն են կազմում և կարծում, որ իրենց ամեն ինչ կարելի է: Նրանք Իսրայելում էլ ժողովրդավարական և մարդու շատ կարևոր իրավունքներ ու օրենքներ են փորձում փոխել:
Այս առնչությամբ Իսրայելում շատ ուժգին ցույցեր են տեղի ունենում, այսպես ասենք՝ ձախերը պայքարում են աջերի դեմ: Այս ծայրահեղականների դեմ են դուրս եկել նույնիսկ նախկին գեներալներ, դերասաններ, մի խոսքով՝ կրթված էլիտան նրանց դեմ է: Ծայրահեղականները ոչ միայն փոքրամասնություններին և հայերին են ճնշում, այլ նաև հրեաներին: Նրանք ամեն ինչ ուզում են կրոնի հիմքով անել և բարդացնել իրավիճակը:
–Ինչպե՞ս գիտենք Իսրայելի քաղաքական դաշտը բավականաչափ բազմազան է։ Կա՞ որևէ վիճակագրություն, թե հատկապես ո՞ր քաղաքական ուժերին են համակրում իսրայելահայերը։
-Իսրայելահայերի մեծ մասը ձախակողմյան ուժերին է հարում, դա միանշանակ է: Նրանք ավելի մարդկային են, ժողովրդավար և հարգալից հատկապես փոքրամասնությունների նկատմամբ: Անցյալում մի քանի անգամ ձախերը՝ մասնավորապես «Մերեց» կուսակցությունը ցեղասպանության հարցն էլ են բարձրացրել: Անցյալ տարի մենք 2-3 հանդիպում ենք ունեցել նրանց հետ այս թեմայի շուրջ: «Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի Ռազն անգամ ապրիլի 24-ին եղել է Հայաստանում:
Մենք միշտ աշխատել ենք ձախերի, «Մերեց»-ի հետ, հանդիպումներ են ունեցել: Նրանք միշտ լսել են մեր բարձրաձայնած խնդիրները, աջակցել են իրենց հնարավորությունների սահմաններում:
Ցավոք, նոր խորհրդարանում «Մերեց»-ը պատգամավորական մանդատ չունի: Այն թեև փոքր կուսակցություն էր և խորհրդարանում 4-6 տեղ էր զբաղեցնում, սակայն նոյեմբերին կայացած ընտրություններում անգամ չեն ընտրվել: Այս առումով շատ դժվար իրավիճակում են հայտնվել իսրայելահայերը:
–Ինչպե՞ս եք գնահատում Իսրայել-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարը: Ի՞նչ խոչընդոտներ և խնդիրներ կան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, և ինչպիսի՞ դերակատարում կարող է ունենալ հայ համայնքը։
-Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ Իսրայելի և Հայաստանի միջև կարող են ջերմ հարաբերություններ ձևավորվել: Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Իսրայելը տարածաշրջանում առաջնորդվում է սեփական շահերով և մտերիմ հարաբերություններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Միլիարդավոր դոլարների սպառազինություն են վաճառում: Եթե ինչ-որ կերպ կարողանանք Իսրայել-Հայաստան հարաբերություններ զարգացնել, դա կլինի առևտրի և զբոսաշրջության բնագավառներում: Կամ հնարավոր է մշակութային որոշ միջոցառումներ ևս իրականացնել: Կարող եմ նշել, որ առևտրի և զբոսաշրջության ոլորտում քայլեր են կատարվում: Ներկայում փորձում են ուղիղ չվերթներ իրականցնել: Վերջին շրջանում Իսրայելից շատերն են մեկնում Հայաստան՝ հանգստի նպատակով: Գործում են շատ խմբեր, որոնք երկու շաբաթով կամ 10 օրով իրականացնում են իսրայելցի զբոսաշրջիկների մեկնումը Հայաստան:
–Տիկի՛ն Մովսեսյան, Դուք Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամ եք: Արդյո՞ք իր գործունեության շրջանակներում դժվարությունների բախվում է Հայ դատի հանձնախումբը: Մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը Քնեսեթում այդպես էլ հավանության չի արժանացել: Ինչպիսի՞ հնարավորություններ կան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հետ կապված:
-Իսրայելի և Ադրբեջանի կապն այնքան ուժեղ է: Այսօրվա դրությամբ, ցավոք սրտի մենք՝ հայերս այն ուժը չունենք, որ Իսրայելում կարողանանք քայլել ադրբեջանցիների հետ: Ադրբեջանցիներն այստեղ 100 հազար են, իսկ մենք՝ հայերս 10 հազար: Բացի այդ՝ Իսրայելի ադրբեջանցիները շատ մեծ ֆինանսներ են ստանում Ադրբեջանից: Նշեմ, որ բացի զենքի և սպառազինության առք ու վաճառքից, այստեղի ադրբեջանցիներն ահռելի աշխատանք են իրականցնում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ: Սակայն նրանք միլիարդավոր գումարներ են ստանում Ադրբեջանից, ինչը մենք չենք ստանում Հայաստանից: Դրա համար նրանք ամեն կերպ փորձում են իրենց ազդեցությունը մեծացնել, իսկ Իսրայելը միայն ու միայն սեփական շահերով է առաջնորդվում: Իսրայելը զենք է արտադրում, հետևաբար նրան պետք է, որ զենքը վաճառվի, իսկ դժբախտաբար տուժողը մենք ենք: Իսրայելում կարող են միշտ խոսել մարդկային արժեքներից, սակայն չճանաչել հայոց ցեղասպանությունը: Այն ազգը, որը ևս ապրել է ցեղասպանություն, պաշտոնապես չի ճանաչում: Իսրայելը գեղեցիկ-գեղեցիկ խոսում է, սակայն դե ֆակտո նրան հետաքրքրում են միմիայն սեփական շահերը:
–Ինչպես գիտենք, ամեն տարի Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ զոհերի ոգեկոչման երթ է կազմակերպել: Այս տարի Սումգայիթի ջարդերի կապակցությամբ նախատեսվու՞մ է բողոքի երթ:
-Ամեն տարի ապրիլի 24-ին Երուսաղեմում նշում ենք Հայոց ցեղասպանության տարելիցը: Նամակների, բողոքի ակցիաների և տարբեր այլ գործողությունների միջոցով դիմել ենք խորհրդարանին: Մի քանի անգամ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացվել է Քնեսեթում: Սակայն խորհրդարանը պաշտոնապես չի ճանաչել: Մինչև 2020 թվականը չճանաչման պատճառը միշտ եղել է Իսրայել-Թուրքիա հարաբերությունները: Փակ դռների ետևում մեզ միշտ ասել են, որ մենք գիտենք, որ ցեղասպանություն է եղել, կիսում ենք ձեր ցավն ու վիշտը և այլն, սակայն խորհրդարանը, այնուամենայնիվ, պաշտոնապես չի ճանաչում: Սա էլ Թուրքիայի ճնշման արդյունքն է: Թուրքիան ռազմական խոշոր պրոյեկտներ ունի, և այս առնչությամբ Իսրայելը միշտ ճնշվել է, որպեսզի չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իսրայելցի պաշտոնյաները մեզ հստակ ասում են, որ իրենք չեն ժխտում Հայոց ցեղասպանության փաստը, սակայն պաշտոնապես ճանաչել չեն կարող, որովհետև Թուրքիան դա պարզապես թույլ չի տա:
Մենք մեծ հույսեր ունեինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Իսրայելը ևս կճանաչի: Սակայն ոչ միայն պաշտոնական ճանաչում տեղի չունեցավ, այլև 44-օրյա պատերազմից հետո ցեղասպանության հարցը Քնեսեթում անգամ չի էլ բարձրացել: Եթե նախկինում ապրիլի 24-ին որևէ կերպ քննարկում էր կազմակերպվում խորհրդարանում, վերջին տարիներին դա էլ չկա:
Մի հետաքրքիր տեղեկությամբ կիսվեմ: Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆա քաղաքում, որտեղ զգալի թվով հայեր են բնակվում, պետք է հուշարձան կանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված: Որոշումը կայացվել է մոտ մեկ ամիս առաջ: «Հոմենդմեն» կազմակերպությունն արդեն քաղաքապետարանի հետ համաձայնության է եկել: Արդեն գումար է հավաքվում այս նախաձեռնության իրականացման համար: Նշեմ, որ նմանատիպ հուշարձան կա նաև Պետահ Տիկվա քաղաքում:
Անդրադառնալով սումգայիթյան ջարդերին՝ հավելեմ, որ միշտ նամակներ ենք ուղարկել Քնեսեթ, ակտիվ գործունեություն ենք ծավալել: Այս տարի, սակայն, ոչ, հայերի նկատմամբ վերջին շրջանի ճնշումների պատճառով: Բացի այդ, մեզ մոտ այնպիսի զգացողություն է, որ այս պահին նրանք, ովքեր իշխանության են, անիմաստ է նրանց նամակներ ուղղելը, քանի որ այդ նամակները նրանք չեն էլ կարդում:
Ապրիլի 24-ին նամակ կգրենք՝ Քնեսեթին ուղղված, հիշատակի երթ էլ ենք իրականացնելու: Առհասարակ մեզ՝ իսրայելահայերիս, դժվար է ապրել մի պետության մեջ, որը չի հասկանում մեր ցավը: Իսկապես մեզ համար շատ դժվար է մարդկանց հավաքել, երթեր կազմակերպել: Մենք այստեղ շատ քիչ ենք, իսկ հաճախ բողոքի երթերը մի քանի վայրերում ենք փորձում կազմակերպել: Հայկական համայնքն, իսկապես մեծ մարտահրավերների է բախվում այստեղ: