Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը ոչ միայն վնասում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը, այլև դեմ է մեր պարտավորությանը՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերին և ողջ մնացածներին, ինչպես նաև մեր պարտավորությանը՝ համոզվելու, որ պատմությունը չկրկնվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը։
«Մենք հիշում ենք 1,5 միլիոն զոհերին ոչ միայն այն բանի համար, թե ինչպես են նրանք մահացել: Մենք նաև հիշում ենք, թե ինչպես են նրանք ապրել: Հայոց պատմության և մշակույթի մեջ նրանց ունեցած ավանդն ապրում է մինչ օրս»,-ասաց Մենենդեսը՝ հիշեցնելով, որ իր կնոջ պապիկը Հայոց ցեղասպանության զոհերից մեկն է:
Միևնույն ժամանակ սենատորը շեշտեց, որ դեռ շատ անելիք կա ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է փորձել թաքցնել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին՝ հետապնդելով գրողներին և պատմաբաններին, այլև որովհետև Ադրբեջանն անօրինական շրջափակման մեջ է պահում Արցախի հայերին: Մենենդեսը շեշտեց, որ 2020 թ.-ին Բաքվի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 100 հազար հայ է տեղահանվել Լեռնային Ղարաբաղից:
«Ըստ իս՝ Միացյալ Նահանգների արձագանքն անընդունելի է, այդ պատճառով ես պնդում եմ ավելի շատ հումանիտար օգնություն ուղարկել՝ աջակցելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում տուժածներին», – ասաց Մենենդեսը՝ նշելով, որ հավաստիացում է ստացել պետքարտուղար Էնթոնի Բլինքենից, որ քայլեր կձեռնարկվեն Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերին ավելի շատ օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Մենդենդեսը նաև անթույլատրելի անվանեց Վաշինգտոնի կողմից ռազմական և այլ աջակցությունը Բաքվի ռեժիմին՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների կողմից հայ անզեն զինվորների խոշտանգումները:
«Ես խստորեն դեմ եմ, որ որևէ տեսակի օգնություն տրամադրվի մի ռազմական ուժի, որը հայտնի է հարևան պետության դեմ պատերազմական հանցագործություններով և ագրեսիայով: Մենք չպետք է «անկողին մտնենք» Ադրբեջանի նման կառավարությունների հետ: Դա աններելի է, դա բարոյապես խորշելի է և դա պետք է դադարի»,-շեշտեց Մենենդեսը: