Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրապարակավ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բելգիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե առաջիկայում Բաքու կատարելիք այցի ժամանակ ի՞նչ ուղերձ է հղելու Ադրբեջանի իշխանություններին։
«Մեր դիրքորոշումը նույնն է թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։ Մեզ համար ամենակարևորն այս փակուղուց դուրս գալն է, որպեսզի հումանիտար իրավիճակը բարելավվի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կյանքի պայմանները բարելավվեն։ Դա հրադադարի համաձայնության մաս է կազմում, և մենք Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում վերադառնալ բանակցություններին՝ լինի դա Վաշինգտոնում, թե որևէ այլ վայրում։ Մենք ողջունել ենք Հայաստանի վարչապետի համաձայնությունը, որը հրապարակավ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին նույնն անել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ բանակցային տարբեր ֆորմատներ են գործում այս պահին, տարբեր երկրներ են ներգրավված բանակցություններում։
«Ամենաբարձր մակարդակով բանակցությունների պակաս չկա, իրականում պակասում է դրանք տեղում իրագործելու կամքը։ Ահա թե ինչու դեմ առ դեմ հանդիպման ժամանակ մենք ընդգծել ենք փորձագետների, հանձնաժողովների առկայության անհրաժեշտությունը, որոնք կկարողանան վերջ տալ թշնամանքին, երկու ժողովուրդների միջև իրական հաշտեցման, վստահության հնարավորություն կտան, որպեսզի երկու ժողովուրդները սահմանի երկու կողմում խաղաղ ապրելու հնարավորություն ունենան։ Որպես Եվրոպական Միության ակտիվ անդամ, շուտով նաև ԵՄ խորհրդի ապագա նախագահող, մենք ամրապնդելու և ակտիվացնելու ենք մեր մասնակցությունն այս բոլոր գործընթացներին, այդ թվում՝ մեր դեսպանության միջոցով, որ կունենանք Երևանում»,- ասաց նա։
2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ ղեկավարների միջև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են միմյանց 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Դրանից հետո Հայաստանի վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը՝ շեշտելով, որ Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու հրապարակային հայտարարություն է ակնկալում նաև Ադրբեջանի նախագահից։ Ադրբեջանցի պաշտոնյաների կողմից, սակայն, մինչ այս պահը հրապարակային հայտարարություններ չեն հնչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։