ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով գործել՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ դնելու համար:
Կոնգրեսականն իր տեսաուղերձում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների պակասը, որի հետևանքով մարդիկ սկսել են մահանալ։
«Այս հարցին հարկավոր է լուծում տալ և հրատապ կերպով», – նշել է Շիֆը։
Նա նաև հիշեցրել է վերջերս Լաչինի միջանցքի արգելափակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացված նիստի մասին՝ շեշտելով, որ «դրան, սակայն, ոչինչ չհետևեց»։
«Մեզ հարկավոր է բանաձև, որը կպահանջի վերջ դնել միջազգային իրավունքի այս խախտմանը․․․ Եվ ԱՄՆ կառավարությունը, Բայդենի վարչակազմը պետք է շատ ավելին անեն։ Նրանք պետք է Ադրբեջանին զրկեն ռազմական օգնությունից։ Նրանք պետք է այնպես անեն, որ այս անօրինական շրջափակումն ավարտվի։ Մենք չպետք է որևէ գումար տրամադրենք Ադրբեջանին․․․ Մենք չենք կարող լռել: Վարչակազմը պետք է խոսի, պետք է գործի, ինչ-որ բան պետք է արվի, հակառակ դեպքում՝ ավելի շատ մարդիկ կմահանան», – հայտարարել է Շիֆը։
Կոնգրեսականը նաև հիշեցրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, որի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին։
«Նրանք շարունակում են ռազմագերիներին պահել ապօրինաբար, միջազգային իրավունքի խախտումներով, նրանց դատապարտում են առանց պատճառի: Սրան պետք է վերջ դրվի», – ասել է Շիֆը:
Նա նաև շեշտել է, որ առաջին հերթին հարկավոր է դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը:
«Ես խորապես անհանգստացած եմ, որ ևս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ: Վարչակազմը պետք է գործի», – եզրափակել է կոնգրեսականը: