Հուլիսի 31-ին պարզ դարձավ, որ Թեհրանում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունից հետո սպանվել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության՝ հարվածը հասցվել է Հանիեի կեցության վայրին, նրա հետ միասին սպանվել էր նաև թիկնապահներից մեկը։
Ի՞նչ արձագանք գտավ Հանիեի սպանության լուրը Թուրքիայում։ Կատարվածի առնչությամբ ու՞մ են մեղադրում Թուրքիայի քաղաքական և փորձագիտական շրջանակները։
Թուրքիայում Հանիեի սպանությանն առաջինն արձագանքեց արտգործնախարարությունը՝ կատարվածի առնչությամբ մեղադրելով իսրայելական իշխանություններին։ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․
«Մենք դատապարտում ենք Թեհրանում նենգաբար իրականացված մահափորձի հետևանքով ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը: Այս հարձակումը նպատակ ունի Գազայում պատերազմը տարածել տարածաշրջանային հարթությունում։
Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Պաղեստինի ժողովրդին, ով հազարավոր նահատակների զոհաբերեց Հանիեի նման, որպեսզի կարողանան խաղաղ ապրել սեփական հայրենիքում, սեփական պետության հարկի տակ։ Եվս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ Նեթանյահուի կառավարությունը խաղաղության հասնելու մտադրություն չունի»:
Հայտարարությունում նշվել է նաև, որ եթե միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկի Իսրայելին կանգնեցնելու համար, մեր տարածաշրջանը կբախվի շատ ավելի մեծ հակամարտությունների, ապա ընդգծվել, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդի «արդար դատին»։
Իսկ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սոցցանցի գրառմամբ հայտնել է, որ Հանիեն իր կյանքը նվիրել է պաղեստինյան գործին և Պաղեստինին խաղաղություն ու բարօրություն բերելու համար՝ հավելելով, որ իրենք ականատես են եղել հրադադարի հասնելու նրա վերջին ջանքերին։
Մահափորձը խստորեն դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այս մահափորձը զազրելի արարք է, որի նպատակն է խարխլել Պաղեստինի հարցը, Գազայի փառահեղ դիմադրությունը և մեր պաղեստինցի եղբայրների արդար պայքարը, ինչպես նաև բարոյալքել ու վախեցնել պաղեստինցիներին»:
Էրդողանի պնդմամբ՝ սիոնիստական բարբարոսությունը չի կարողանա հասնել իր նպատակներին, ինչպես դա արել է մինչ այժմ: Նա նաև հայտնել է, որ Թուրքիան կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ ողջ աջակցությունը «պաղեստինյան եղբայրական ժողովրդի արդար պայքարին» և հավելել, որ կշարունակեն ակտիվ ջանքեր գործադրել ազատ, ինքնիշխան և անկախ պաղեստինյան պետության ստեղծման համար՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով և 1967 թվականի սահմաններով։
Միջադեպի առնչությամբ ցավակցական գրառում է արել նաև Էրդողանի փեսան՝ Սելչուկ Բայրաքթարը։ «Պաղեստինյան դիմադրությունը, որն աճում է աշխարհի բոլոր մարդկանց սրտերում, կշարունակի իր պայքարը բարբարոս սիոնիստների դեմ։ Վաղ թե ուշ հաղթողը բարին է լինելու»,- գրել է նա։
Նույնաբովանդական ցավակցական հայտարարություններով են հանդես եկել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրաթ Քուրումը, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Վեդաթ Իշըքհանը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը, արդարադատության նախարար Յըլմազ Թունչը, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը՝ մեղադրելով Իսրայելին և նշելով, որ վաղ թե ուշ պատասխան է տալու։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը նույնպես դատապարտել է սպանության միջադեպը։ Նա մասնավորապես հայտնել է․ «Իսմայիլ Հանիեի նման կարևոր գործչի թիրախավորմամբ, Իսրայելի և Նեթանյահուի կառավարության միակ նպատակը տարածաշրջանային պատերազմ սկսելն է: Դրա հետևանքով անկայունությունը և դրանից բխող իրավիճակը կստեղծեն այնպիսի մի իրավիճակ, որ ոչ ոք աշխարհի ցանկացած կետում չի կարողանա իրեն հանգիստ զգալ»: Չելիքն ակնարկով դիմել է արևմտյան երկրների կառավարությունների ներկայացուցիչներին․ «Թող չմտածեն, որ իրենցից հեռու տարածաշրջանային պատերազմ է սկսվելու, և բոլորը շարունակելու են նստել իրենց ապահով այգում»։
«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելիի խոսքով՝ Հանիեի սպանությունն ավելի է խորացնելու Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված քաոսը: Նրա դիտարկմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել Գազայի և Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին զուգահեռ, և իր կարծիքով, այն անկասկած, կունենա սարսափելի հետևանքներ։
«Պատահական չէ, որ վերոհիշյալ սպանությունը տեղի է ունեցել Թեհրանում, Իսրայելի վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցից հետո։ Վտանգը շատ լուրջ է։ Սպառնալիքը շատ մեծ է։ Առավել ցավալին այն է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության հույսերն ավելի ու ավելի են խանգարվում և բթանում: Այս մութ պատկերը օգուտ չի բերի ոչ մի երկրի, հատկապես Իսրայելին»,- պնդել է նա։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Օզգյուր Օզելը միջադեպը որակել է «բռնության ակտ»։ Օզելը հայտարարել է նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ամերիկայում ծափահարողները մեղսակից են այս կոտորածին։
Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Նուման Քուրթուլմուշն իր հերթին հայտարարեց, որ եթե առաջիկա օրերին ինչ-որ դեպք տեղի չունենա, իրենք Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին կհրավիրեն Թուրքիայի խորհրդարան, որտեղ վերջինս պատգամավորների ներկայությամբ կբացատրի պաղեստինյան խնդիրը։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնեց, որ Աբբասը Թուրքիա կայցելի օգոստոսի 14-ից 15-ը։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պաղեստինյան հարցում Թուրքիան ունի անխախտ դիրքորոշում և անվերապահ աջակցություն պաղեստինյան իշխանություններին ու պաղեստինցիներին, իսկ ինչ վերաբերում է թուրքական իշխանությունների՝ Իսրայելին ուղղված քննադատություններին ու մեղադրանքներին, ապա զարգացող իրադարձությունները թույլ են տալիս կարծելու, որ դրանք էլ ավելի են սաստկանալու։
Թուրքիայի փորձագիտական շրջանակներում «ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդի սպանության հետ կապված կարծիքները գրեթե նույնն են։ Ինչպես իշխանությունները, այնպել էլ փորձագետները համոզված են, որ սպանության թիկունքում կանգնած է Իսրայելը։ Իսկ թե ինչու կազմակերպվեց Հանիեի դեմ մահափորձը հենց Իրանում, տեսակետները գրեթե նույնն են․ ցույց տալ Իրանի թուլությունը բարձրաստիճան պաշտոնյանների ու զինվորական ղեկավարության անվտանգությունը պաշտպանելու հարցում։ Եվ երկրորդ՝ Իրանին ներքաշել պատերազմի մեջ։
Թուրք միջազգայնագետ Մեթե Սոհթաղլուն իշխանամերձ «Ahaber»-ին տված հարցազրույցում ուշադրություն է հրավիրել մի հանգամանքի վրա, ըստ որի, Հանիեի սպանությունը տեղի է ունեցել Իրանի նորընտիր նախագահի տանից 150մ հեռավորության վրա, իսկ Հանիեի տան կողքին գտվում էր Սիրիայի պատվիրակության շենքը։ Նրա դիտարկմամբ՝ նմանատիպ մահափորձերի դեպքում Իրանն ավանդաբար փոքր-ինչ սպասում է և սկսում է հակասական լուրեր հրապարակել.
«Երբ գիշերը լսեցի այդ մասին, դա զինված հարձակում էր։ Երբ ժամը 5-ը հասավ, հայտարարվեց, որ տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկով հարձակում։ Առավոտյան այն վերածվել է հրթիռակոծության, իսկ ավելի ուշ հայտարարվել է հրթիռային հարձակման մասին։ Փորձագետի համոզմամբ՝ Իսրայելի վրա հրթիռային հարձակումներ կլինեն Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Եմենի տարածքներից։
«Կարծում եմ՝ Իրանը նորից կհարձակվի Իսրայելի վրա։ Հետագայում Իսրայելը սահմանափակ և մասշտաբային հարված կհասցնի Իրանի տարածքին։ Դա Իրանին պատերազմի մեջ ներքաշելու Իսրայելի քայլն է: Թե՛ Գազայի և թե՛ Լիբանանի հարցերում Իրանը կառավարում էր հետին պլանից։ Սա կատարվել է Իրանին ուղղակիորեն պատերազմին մեջ ներքաշելու նպատակով»։
Որոշ թուրք փորձագետներ հակված են կարծելու, որ այս ամենը Իրսայելը միայնակ չէր կարող իրականացնել։ Վերջինս ստացել է ԱՄՆ-ի աջակցությունը։ Ինչ վերաբերում է Իրանի պաշտպանությունը ճեղքելով, իսրայելական «Մոսադի» արտաքին հետախուզական ծառայության այդ երկիր ներթափանցմանն ու Հանիեի կեցավայրը բացահայտելուն, ապա թուրք փորձագետներից ոմանք առաջ են քաշում այն վարկածը, որ «Մոսադին» հաջողվել է Իրանի ներսից տեղեկություններ ստանալ, այլ կերպ ասած, կարողացել է գումարով գնել Իրանի բնակիչներին։
Թուրքական մամուլում լայնորեն լուսաբանվեց նաև այն, որ Հանիեի վերջին հարցազրույցը եղել է թուրք լրագրող Քեմալ Օզթյուրքի հետ՝ հուլիսի 16-ին։ Լրագրողի խոսքով՝ Հանիեն իր վրդովմունքն էր արտահայտել աշխարհի ու մուսուլման երկրների հանդեպ։ Թուրքական տարբեր հեռուստաալիքների եթերում Քեմալ Օզթյուրքն արտաբերում էր Հանիեի վերջին խոսքերը, որ Ալլահի կամոք, հաղթելու են այդ պատերազմը, որի համար պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը և այդ հարցում միայն վստահում են իրենց Ալլահին։
Հեղինակ Էլեն Քոքչյան