Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկագիր։ Համաձայն դրա՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը կազմում է 3 մլն 67 հազար մարդ, որից 1 մլն 976 հազարն ապրում է քաղաքային բնակավայրում, իսկ 1 մլն 91 հազարը՝ գյուղական։ Ամենախիտը բնակեցված է մայրաքաղաք Երևանը՝ 1 մլն 136 հազար։
Ամենաշատ բնակեցված մարզը Կոտայքն է, ունի 292 հազար բնակիչ, ամենաքիչը՝ Վայոց ձորը․ այստեղ ապրում է 49 հազար մարդ։ Մայրաքաղաքում ամենախիտը բնակեցված են Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքները։ Վերջին հորիզոնականում Նուբարաշեն համայնքն է՝ 12 հազար բնակչով։
Նշենք, որ բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկության ստացման սկզբնաղբյուրը բնակչության մարդահամարներն են: Բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա (2022թ. հոկտեմբերի 13-22-ն անցկացված) ստացված մշտական բնակչության տվյալներով, որոնց ամեն տարի ավելացվում են տվյալ տարածքի ծնվածների և եկողների (հաշվառվածների) թվաքանակը, հանվում են մահացածների և տվյալ տարածքից մեկնածների (հաշվառումից հանվածների) թվաքանակը: