Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել է 5 տարի ազատազրկման։ «Հաղթական Վրաստան» կուսակցության ներկայիս լիդեր Իրաքլի Օքրուաշվիլին մեղադրվում է 2019թ․ հունիսի 20-21-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ անկարգություններին մասնակցելու մեջ։
Օքրուաշվիլին ձերբակալվել էր 2019թ․ հուլիսի 25-ին: Ի սկզբանե նրան մեղադրանք էր առաջադրվել խորհրդարանի դեմ կազմակերպված հարձակման ժամանակ բռնի գործողությունների կազմակերպման, ղեկավարման և մասնակցության համար։ Սակայն դատարանը նախկին նախարարին «կազմակերպման» մասով արդարացրել է։
Նշենք, որ 2019թ․ հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպված հակառուսական ցույցը ավելի ուշ վերածվել էր հակակառավարական գործողությունների։ Երբ ցուցարարները փորձել էին ներխուժել խորհրդարանի շենք, ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էր կիրառել։ Խժդժությունների հետևանքով 240 անձ էր տուժել, որոնցից 80-ը՝ ոստիկաններ։
Հավելենք, որ Իրաքլի Օքուրաշվիլիի դեմ, բացի այս գործից, մեղադրանք է առաջադրվել նաև 2004թ․ 19-ամյա Ամիրան Ռոբակիձեի սպանության գործով։ Սակայն այդ դատավարությունը դեռ շարունակվում է։
Օքուրաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2004-2006 թթ․։