Ապրիլի 14-ի երեկոյան թուրքական «MNG Airlines» բեռնափոխադրող ընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանում։ Թուրքիան որպես օգնություն Իսրայելին հարյուր հազարավոր բժշկական դիմակներ, ձեռնոցներ և արտահագուստներ է ուղարկել:
Իսրայելական հեռուստաընկերություններից մեկը հայտնում է, որ բեռների մատակարարման համար վճարել է Իսրայելի կառավարությունը:
Նշենք, որ Թուրքիան կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների շրջանակում ապրիլի 11-ին հայտարարել էր, որ պատրաստ է բժշկական պարագաներ վաճառել Իսրայելին, միաժամանակ նշելով, որ նման առաջարկ Թուրքիան ստացել է Իսրայելից։
Այնուհետև հայտարարվեց, որ Անկարան հետաձգել է բեռների մատակարարումը Իսրայելին՝ պահանջելով, որպեսզի Երուսաղեմը թույլ տա, որ Թուրքիան նման բժշկական պարագաներ ուղարկի նաև պաղեստինյան իշխանությանը: