Հայաստան այցիս նպատակը երկու երկրների հարաբերությունների զարգացումն էր։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ ամփոփելով Երևան կատարած այցը:
«Մեկօրյա այց ունեցա Հայաստան։ Հայաստանը մեր շատ լավ ու մոտ հարևանն է, և մենք պատմական, մշակութային սերտ կապեր ունենք։ Այցիս նպատակը երկու երկրների հարաբերությունների զարգացումն էր»,- Արաղչիի խոսքերը մեջբերում է իրանական IRNA լրատվամիջոցը:
Իրանի արտգործնախարարը հիշեցրել է, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, խորհրդարանի նախագահի, ԱԽ քարտուղարի, արտգործնախարարի հետ։
Անդրադառնալով տարածաշրջանում Թեհրանի քաղաքականությանն՝ Աբբաս Արաղչին շեշտել է, որ Իրանը կայունության, խաղաղության և անվտանգության կողմնակից է:
«Մեզ համար կարևոր է միջազգայնորեն ճանաչված սահմանների, տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության և երկրների անկախության պահպանումը, և մենք շարունակելու ենք այս քաղաքականությունը»,- շեշտել է Իրանի ԱԳ նախարարը:








