Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հունիսի 11-12-ը կայցելի Հայաստան: Գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ: Գլխավոր քարտուղարը նաև բաց դասախոսություն կանցկացնի Երևանի պետական համալսարանում և կհանդիպի ուսանողների հետ:
Այցը տեղի է ունենում Հարավային Կովկասի համար կարևորագույն ժամանակահատվածում: Գլխավոր քարտուղարը կհաստատի Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հարցում՝ ուղերձ, որը նա արդեն անձամբ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 2025թ․ մայիսին Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովիժամանակ, որտեղ նա նշել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները չափազանց կարևոր են: Մենք պետք է համատեղ աշխատենք՝ տարածաշրջանում կայունության ապահովման համար լավագույն հնարավոր որոշումները կայացնելու ուղղությամբ»:
Նույնքան կարևոր է Եվրոպայի խորհրդի աշխատանքը՝ աջակցելու Հայաստանի ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումներին: Իր Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի միջոցով, որի սկզբնական բյուջեն կազմում է 19 միլիոն եվրո, և նոր՝ 2.8 միլիոն եվրո կազմող փախստականների հոսքին արձագանքման փաթեթի միջոցով, Եվրոպայի խորհուրդը նպաստում է ինստիտուտների հզորացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և փախստականներին ընդունող համայնքների դիմադրողականության ամրապնդմանը։
Քանի որ 2026 թվականի գարնանը Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, քննարկումները նաև կընդգրկեն հարցեր, թե ինչպես Եվրոպայի խորհուրդը կարող է նպաստել տարածաշրջանի դերի ամրապնդմանը Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության շրջանակների ձևավորման մեջ։







