Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից և շարունակելու է հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, իսկ մյուս պետությունները իրավունք չունեն այս հարցում սահմանափակել Թեհրանին։
«Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության համար։ Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե ինչ պետք է անենք, քանի դեռ մենք կատարում ենք պայմանագրով ստանձնած մեր պարտավորությունները»,-ասել է Թախտ-Ռավանչին գերմանական ARD հեռուստաալիքի եթերում։
Նա նաև նշել է, որ չի պատրաստվում մեկնաբանել Իրանի միջուկային ծրագրի վիճակը հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից հասցված հարվածներից հետո։ Միաժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ ռմբակոծությունն ինքնին «ագրեսիայի ակնհայտ ակտ» է։ Թախտ-Ռավանչին նշել է, որ Իրանը այս իրավիճակում «ագրեսիայի զոհ» է և իրավունք ունի արձագանքել դրան՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Միաժամանակ, դիվանագետը չի մեկնաբանել Իրանի կողմից Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածների հնարավորության մասին։
Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն հաջողությամբ հարվածել է Իրանում գտնվող միջուկային երեք օբյեկտների՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վրա: Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են՝ դա անվանելով տպավորիչ ռազմական հաջողություն:








