Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանի՝ ՌԴ-ի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրությունը՝ կապված Ղազախստանում «AZAL» ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ։
«Ընթանում են քննչական գործողություններ, քննություն է գնում։ Եթե Ադրբեջանը նման որոշում ընդունի, դա Ադրբեջանի իրավունքն է։ Մենք կսպասենք պաշտոնական եզրակացություններին», – նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը նաև հայտարարել է, որ ռուս–ադրբեջանական հարաբերություններն ամուր հիմք ունեն։ Կրեմլում համոզված են, որ երկու երկրների համագործակցությունը փոխադարձաբար շահավետ է, թեև երբեմն լինում են «բարդ ժամանակահատվածներ»։
«Երկու երկրների շահերը շատ հարցերում համընկնում են, կա փոխադարձ հարգանքի վրա հիմնված շահավետ համագործակցություն։ Բայց երբեմն պատահում է, որ հարաբերություններում առաջանում են բարդ փուլեր։ Հիմա այդպիսի փուլերից մեկն է։ Հուսով ենք՝ այս շրջանը կանցնի», – ասել է Պեսկովը մամուլի հեռակապի ընթացքում։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Կրեմլի համար կարևոր է, որ Ադրբեջանում հարգեն ռուսներին. «Ռուսաստանում ապրում է շատ մեծ ադրբեջանական սփյուռք։ Գրեթե բոլոր ներկայացուցիչները մեր օրինապահ քաղաքացիներն են, որոնք վայելում են արժանի հարգանք։ Իսկ այն քաղաքացիները, որոնք խախտում են օրենքը, ենթարկվում են օրինական պատասխանատվության»։
Հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է դատական հայց ներկայացնել Ռուսաստանի դեմ՝ կապված AZAL-ի օդանավի կործանման գործի հետ։
«Ադրբեջանը պահանջում է մեղքի ընդունում, մեղավորների պատժում, փոխհատուցում զոհերի ընտանիքներին, ինչպես նաև վնասների հատուցում AZAL-ին՝ ինքնաթիռի կորստի համար», – ասել է Ալիևը։
Civilnet.am







